«Այն, որ կարտոֆիլի շուկայում սպասվում էր գնաճ, կանխատեսել էինք դեռ գարնանը: Պատահական չէ, որ այդ գնաճը կանխելու համար Գյուղնախարարությանը հորդորեցինք բերել կարտոֆիլի տնկանյութ: Իսկ Գյուղնախարարության մասնագետներն ու ղեկավարությունը նշեցին, որ դա նպատակահարմար չէ և բերեցին գարու տնկանյութ, որը տնտեսական որևէ նպատակի չի ծառայել: Ես զարմանում եմ, որ այս վերջին երկու օրերին են սկսել խոսել երաշտի մասին, չէ՞ որ մենք հուլիսին էինք դրա մասին հայտարարել, ինչն էլ մնաց անարձագանք»,-ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ հավելելով, որ Հայաստանում մասնագետներն իրենց տեղում չեն:

Ըստ Բերբերյանի՝ գնաճ և գնաճի ավելացում սպասվում է ոչ միայն կարտոֆիլի շուկայում, այլ նաև անասնակերի, որը հանգեցրեց նաև մսի շուկայում կտրուկ թանկացումների. «Եթե անցած տարի խոտի մեկ հակը գնում էին 400 դրամով, այս տարի այն գնում են 2000 դրամով: Եվ սա բերել է նրան, որ մսի կտրուկ  թանկացում ունենք արդեն»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ մսի շուկայում գնաճը պատասխանատու այրերը պայմանավորում են միջազգային շուկայում տիրող գնաճով, Բերբերյանն արձագանքեց. «Առնվազն տգետ է պետք լինել նման պատճառաբանություն բերելու համար: Կան ներքին շուկայի գներ, որը մենք են ձևավորում: Մենք ունենք 650 հազար խոշոր եղջերավոր անասուն, և 10-12 հազար գլուխ եղջերավոր անասունի ներմուծումը չի կարող ազդել մսի գնի վրա: Հիմա մսի գինը թանկացել է 25 տոկոսով: Հետևաբար, թանկացումը կապված է ներքին շուկայում տիրող իրավիճակի հետ: Մսի արտադրության 80-90 տոկոսը մենք ապահովում ենք, ինչպե՞ս կարող են միջազգային գներն այդքան մեծ ազդեցություն ունենալ մեզ վրա: Բնականաբար, մսի թանկացումը բերել է նաև թանկացումների՝ կաթնամթերքի շուկայում»:

Հրաչ Բերբերյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում Գյուղանախարարությաւն գործունեությունն ու արված աշխատանքը: Հարցին ի պատասան՝ նա խորհուրդ տվեց ճտերն աշնանը հաշվել՝ շեշտելով. «Ամեն անգամ հո չե՞նք սովորեցնելու՝ ինչպես պետք է աշխատել. չեն հասկանում, էլ ի՞նչ կարող ենք անել: Մենք շուտով կամփոփենք տարին և կտեսնենք՝ որքանո՞վ է արդյունավետ եղել Գյուղնախարարության գործունեությունը և արդո՞ք կա նրանց նշած տնտեսական զարգացումը»:

 

Աղավնի Սուքիասյան