Կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է ապաքաղաքականացնել բուհերի կառավարման խորհուրդները։ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը հայտնել է, որ Բարձրագույն և հետբուհական կրթության մասին նոր օրենքով բացառվում է քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի կամ մարզպետի գտնվելը բուհերի խորհրդի կազմում։ Ներկայում, որպես կանոն, բուհերի կառավարման խորհուրդներում նախագահում են պետական բարձր պաշտոնյաները, օրինակ՝ ՀՀ նախագահը երկար տարիներ է՝ նախագահում է Երևանի պետական համալսարանի կառավարման խորհուրդը։ Նմանապես՝ ԱԺ խոսնակը նախագահում էր Հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհուրդը, վարչապետը՝ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհուրդը և այլն։

Սակայն հանրությանը հուզում է մեկ այլ հարց՝ արդյոք կապաքաղաքականացվե՞ն բուհերի ուսանողական խորհուրդները։ Վահրամ Մկրտչյանն ասել է, որ այդ հարցը քննարկվող օրենքի և քաղաքականության համատեքստից դուրս է։ Շատ ողջունելի է, իհարկե, որ Կրթության և գիտության նախարարությունն ի վերջո ձեռնամուխ եղավ օրենքի փոփոխությանը, սակայն մի՞թե պայքարը քաղաքականացված կրթական համակարգի դեմ առավել արդյունավետ չէր լինի, եթե այս սկզբունքն առաջին հերթին տարածվեր հենց ուսանողական խորհուրդների վրա: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքականությունը ԲՈՒՀ մտնում է հենց այս օղակով, և հենց այստեղ է պետք կիրառել օրենքի ամենախիստ կարգավորիչ նորմերը: Նույն այդ պաշտոնյան, մարզպետը, առանց ավելորդ ջանք թափելու՝ կարող է իր կուսակցական երիտասարդների միջոցով ԲՈՒՀ-ում քաղաքական քարոզչություն իրականացնել, այս բացը նոր օրենքը չի ծածկում, ինչը մտորելու առիթ է տալիս և կասկածի տակ դնում այս՝ միանշանակ դրական նախաձեռնության վերջնական արդյունքը:

 

Ստելլա Խաչատրյան