«Իրատես» թերթը գրում է.

«Եկող շաբաթվանից խորհրդարանը «տնտեսական շրջապտույտում» կհայտնվի: ԱԺ է բերվելու 2018 թվականի պետբյուջեի նախագիծը: ԱԺ մշտական հանձնաժողովներում կքննարկվեն վարչապետ Կարեն Կարապետյանի մեկամյա գործունեության արդյունքները, ու էլի ընդդիմադիրները վարչապետին կտորպեդահարեն նույն հարցով: «Որ բերել եք այս բյուջեն, վստահ ե՞ք, որ 2018-ից հենց Դուք այն կիրականացնեք, այսինքն` այդ վարչապետը Դու՞ք եք լինելու»:

Հարցին, բնականաբար, հստակ պատասխան չի տրվի, փոխարենը կառավարության անդամներին կուղղվեն ոչ պակաս բարդ հարցեր` խոստացված ներդրումներից մինչեւ Հայաստանը ֆանտաստիկ տուրիստական երկիր վերածելու հեռանկարները:

«Ելքի» քննադատության «թելը կթելի» «Ծառուկյան» դաշինքը: Մեր տեղեկություններով, խմբակցությունն առաջնորդվելու է հետեւյալ դիրքորոշմամբ. ընկերը` ընկեր, գործը` գործ, Կարեն Կարապետյանին քննադատեք, որքան կուզեք:

Խմբակցության մեր աղբյուրի փոխանցմամբ, Գագիկ Ծառուկյանն ասել է թիմակիցներին, թե իրենք ազատ են, ինչ խելքներին «բրդի», կարող են ասել:
«Դե, եթե ինքը չի ուզում մեզ կոալիցիայում տեսնել, մենք էլ չենք խնայի իր բյուջեն: Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման»,- եզրահանգեց ԲՀԿ-ականը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում