Սերժ Սարգսյանը նախօրեին այցելել է ոստիկանություն և մասնակցել կոլեգիայի ընդլայնված նիստին: Հանդես գալով մի քանի դիտարկումներով, ՀՀ նախագահն արձանագրել է որ ոստիկանության համակարգւմ կան կոշտ խախտումներ: Լրագրողներն այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից հետաքրքրվեցին՝ ինչ կարծիքի է նախագահի դիտարկումների վերաբերյալ: Հարցերին ի պատասխան՝ Ալիկ Սարգսյանն ասաց, որ նախագահի ելույթի տեքստին ամբողջությամբ ծանոթ չէ, ուղղակի հեռուստատեսությամբ մակերեսորեն է տեսել։

Դիտարկմանը, որ նախագահը խոսել է ՃՈ-ում առկա խախտումների և ապօրինի զենք-զինամթերք պահելու դեմ պայքարելու մասին՝ Ալիկ Սարգսյանն արձագանքեց. «Ապօրինի զենք-զինամթերք պահելը լատենտային հանցագործություն է և այդ կապակցությամբ ոստիկանության լիազորությունները սահմանափակ են: Դրանց դեմ պետք է ավելի արդյունավետ պայքար տանել և այս զգուշավորությամբ, որն ունի ոստիկանությունը, պայքարելն արդյունավետ չէ։ Ոստիկանությանը բերել են այն վիճակին, որ չի կարելի ստուգել, չի կարելի ինֆորմացիա ստանալուց հետո ստուգել ամեն դեպքում։ Ուստի ոստիկանությունը, կամա թե ակամա, որդեգրել է զգուշավորություն»։

Հարցին՝ հնարավո՞ր է՝ խնդիրները մատնանշելով՝ առաջ գա նաև  ոստիկանապետ Վովա Գասպարյանի հրաժարականի անհրաժեշտությունը, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ո՛չ, չեմ կարծում, թե հրաժարականի նախադրյալներ կան։ Ոչ էլ ելույթից եզրակացրել եմ, որ դա վերաբերում էր Վովա Գասպարյանի հրաժարականին»:

Հիշեցնենք, որ անդրադառնալով ՃՈ աշխատելաոճին, նախագահը մասնավորապես նշել էր. «Ճանապարհային ոստիկանության առանձին ծառայողներ այն աստիճան են կորցրել իրականության զգացողությունը կամ այնքան են վստահ սեփական անպատժելիության մեջ, որ բացահայտ կոռուպցիոն վարքագիծ են դրսևորում, այլ բառերով ասած՝ դրսևորում են լկտի վարքագիծ: Նրանք անգամ չեն խորշում այն փաստից, որ դա արձանագրվում է իրենց իսկ համազգեստի վրա ամրացված տեսախցիկներով»: