Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը գտնում է, որ միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո շփման գծում լարվածությունը սրելու Ադրբեջանի գործելոճին և հասցեական գնահատականներ հնչեցնի: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Բաղդասայանն ընդգծեց, որ իր հողից դուրս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «շատ բարի է», բայց երբ ոտքը դնում է իր հողի վրա, դառնում է ագրեսոր: «Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի այս իրադարձություններին: Մենք արդեն իսկ հորդորել ենք և' Մինսկի խմբին, և' միջազգային հանրությանը, որ տրվեն հասցեական գնահատականներ: Մենք այլ ակնկալիքներ չունեինք էլ, որովհետև մեր թշնամին անկանխատեսելի է: Սա էլ առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը խախտում է պայմանավորվածությունները: Միշտ էլ խախտել է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Բաղդասարյանը:

Անդրադառնալով հարցին, թե միջազգային հանրության կողմից հասցեական գնահատականներ չկան, իսկ Ադրբեջանն էլ պայմանավորվածությունները չի կատարում, ելքը ո՞րն է, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Մենք պետք է կարողանանք հասնել այն բանին, որ միջազգային կառույցները դեմքով շրջվեն դեպի իրադարձությունները և կարողանան ճիշտ գնահատական տալ»:

Բաղդասարյանը նաև բացառեց լայնածավալ պատերազմի հնարավորությունը: Նրա խոսքով' Ադրբեջանը գնահատում է իր հնարավորություններն ու ուժերը. ապրիլյան պատերազմը նրանց համար դաս եղավ: Պատգամավորն ընդգծեց, որ դանդաղ պատերազմն էլ մեզ ձեռնտու չէ, ձեռնտու չէ նաև Ադրբեջանի ժողովրդին: «Այդտեղ կա զուտ իշխանական շահը, Ալիևի իշխանության շահը, որի համար որևէ գրոշի արժեք չունեն իր զինվորների կորուստները»,- եզրափակեց պատգամավորը: