ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի Տավուշի մասնաճյուղի տնօրեն Արմեն Նազիրյանը հայտնեց, որ անհիմն է այս օրերին խոսել Տավուշում ադրբեջանական կողմից տարածված վարակի մասին՝ դա կապելով ադրբեջանական անօդաչուների և մեր սահմանին բաց թողնված շների հետ. «Մենք օգոստոսի վերջին ունեցանք տուլարեմիայի վարակի դեպքեր, թվով 22, որից հետո իրականացրեցինք մի շարք միջոցառումներ, բնակչությանը պատվաստեցինք, որից հետո տուլարեմիայի դեպքերը վերացան, և նոր օջախներ այլևս չավելացան: Այս պահին որևէ վարակի բռնկման դեպք չունենք»:

Հարցին՝ արդյոք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի Տավուշի մասնաճյուղն իրականացրեց միջոցառումներ՝ պարզելու համար օգոստոսին բռնկված վարակի տարածման պատճառները, կենտրոնի տնօրենն ասաց. «Այո՛, կատարված միջոցառումներից  պարզ դարձավ, որ օգոստոսին բռնկված վարակի պատճառն ամռան այդ շրջանում դաշտից տեղափոխվող խոտն է եղել, քանի որ տուլարեմիան տարածվում է հողի և փոշու միջոցով»:

Արդյո՞ք հավանական է տեսակետը, թե այս վարակի պատճառ են դարձել ադրբեջանական կողմից մեր սահմանին բաց թողնված կրծողները, շները կամ անօդաչու սարքերը հարցին ի պատասխան՝ Նազիրյանը նշեց, որ այս տեսակետները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը. «Եթե ադրբեջանակն կողմը  վարակը տարածեր կրծողներ կամ շներ ուղարկելով մեր սահման, այդ վարակն առաջինը նրանց մոտ կտարածվեր: Մյուս կողմից, նման բակտերիալ զենք օգտագործելիս՝ տարածում են ավելի վտանգավոր վարակներ: Ըստ կատարված ուսումնասիրությունների՝ չկա հիմք պնդելու, որ վարակը մեզ մոտ տարածվել է որպես բակտերիալ զենք մեր հակառակորդի կողմից: Կրկնում եմ՝ մեզ մոտ արձանագրվել է վարակ, և մեր կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն կապ չունի ադրբեջանական անօդաչուների, կրծողների կամ շների հետ: Այլ բան չեմ կարող ասել»,-խոսքը եզրափակեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի Տավուշի մասնաճյուղի տնօրենը՝ ընդգծելով, որ Տավուշում վարակների տարածում չկա, իսկ լինելու դեպքում էլ բնակչությունն ունի համապատասխան պատրաստվածություն, իսկ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն ակտիվ ուսումնասիրություններ է կատարում վարակների պատճառները պարզելու համար: