Անիմաստ է ԲՀԿ-ն «քաղաքական դիակ» համարելը, այն պարզապես ժամանակավորապես հանգստանում է եւ ակտիվացումից հետո կարող է արժանի հակառակորդ լինել իշխող ՀՀԿ-ին Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ: Այս մասին այսօր' մարտի 7-ին, մամուլի ասուլիսում ասաց «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:

Գնահատելով քաղաքական ուժերի հնարավորությունները մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում, նա ասաց, որ Երեւանի ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով այդ ընտրություններում գլխավորելու է ՀՀԿ-ի համամասնական ցուցակը, կարող է իր անձնական վարկանիշի շնորհիվ ՀՀԿ-ին կրկին դուրս բերել առաջին տեղ: «Մեծ դեր է վերապահված ԲՀԿ-ին, որի կարգախոսները բավական պրակտիկ են: Եթե այդ կուսակցությունն ուղղի նախկին քարոզարշավի սխալները եւ հանդես գա քաղաքապետի ավելի խելամիտ թեկնածուով, լրիվ արժանի մրցակից կարող է լինել ՀՀԿ-ի համար»,-ընդգծեց Ադիբեկյանը:

Նա նաեւ հավելեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդդիմադիր ընտրազանգվածի մոտ կարող է ընկալվել որպես լավ նախագահ, բայց պարտադիր չէ, որ ընկալվի որպես լավ քաղաքապետ: «Դա չի նշանակի, որ նրա նախագահական վարկանիշը կնվազի նրանից, ինչ նա կարողացել է հավաքել»,-ասաց սոցիոլոգը:

Նրա խոսքով' ՀԱԿ-ը դաշինքից կուսակցություն է դառնում, որպեսզի մեծացնի շեմը հաղթահարելու շանսը (կուսակցության համար այդ շեմը 5 տոկոս է, դաշինքի դեպքում' 7 տոկոս): Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, Ադիբեկյանը նշեց, որ «այդ կուսակցությունը չի սիրում Երեւանի ավագանու ընտրությունները, քանի որ հաղթանակի հույս չունի»:

«Սպասումներ կան ՕԵԿ-ից, որի ցուցակը գլխավորելու է ԱԻՆ ղեկավարը, բայց նա քիչ հայտնի է: Պետք է ենթադրել, որ Երեւանի նոր ավագանիում ներկայացված կլինեն մոտ 4 կուսակցություններ»,-ասաց նա, բացառելով, որ այդ ընտրություններում կմիավորվեն «Ժառանգությունը», ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: