Իսպանիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին առաջարկել Է հոկտեմբերի 26-ին կամ 27-ին պիրենեյան թագավորության կառավարության անդամների հետ բանավեճ անցկացնել խորհրդարանի նիստում:

 

Այդ մասին հոկտեմբերի 24-ին մամուլի ասուլիսում հայտարարել Է Սենատի առաջին փոխնախագահ Պեդրո Սանսը: «Եթե Պուչդեմոնը չի կարող ներկայանալ հոկտեմբերի 26-ին, նրան առաջարկվում Է դա հոկտեմբերի 27-ին անելու հնարավորությունը,-նշել Է նա:-Մենք չենք կարող ավելի ճկուն լինել»: «Սենատի համար պատիվ կլիներ ընդունել Կատալոնիայի ղեկավարին, որպեսզի նա կարողանա այստեղ մասնակցել բանավեճին»,-ասել Է Սանսը:

 

Մինչդեռ Իսպանիայի կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար, երկրի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ինյիգո Մենդես դե Վիգոն ավելի վաղ հայտարարել Է, որ Մադրիդը կարող Է ուժ կիրառել Կատալոնիայում կարգի վերականգնման համար, եթե ինքնավարության անկախության կողմնակիցներն ընդդիմանան տարածաշրջանի իրադրության կարգավորմանն ուղղված միջոցառումներին:

 

Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի 21-ի արտահերթ հանդիպմանը որոշում Է ընդունել Կատալոնիայի ինքնավար հանրակցության նկատմամբ Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառման մասին, որով Կատալոնիայի ամբողջ ղեկավարությունը կարող Է հեռացվել իշխանությունից, իսկ նրա լիազորությունները կիրականացնի Մադրիդի կողմից նշանակված ներկայացուցիչը: Այժմ իսպանական կառավարության որոշումը պետք Է հաստատի Սենատը, որի՝ այդ խնդրին նվիրված նստաաշրջանը նշանակված Է հոկտեմբերի 27-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: