Միջազգային International Animal Rescue կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանի ժամանցի վայրերում անազատության մեջ պահվող գորշ արջերի կեցության պայմաններին, ահազանգելով, որ արջերը հիմնականում պահվում են նեղ, կեղտոտ վանդակներում' սոված վիճակում: ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն ասաց, որ խնդրի մասին տեղեկացել է լրատվամիջոցներից: «Ահազանգը փոխանցվել է բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին եւ նրանք արդեն զբաղվում են այդ խնդրով: Տեսչական մարմինը կպարզի՝ արդյոք համապատասխանում են այդ արջերի պահման պայմանները ընդունված չափանիշներին»,-ասաց նա:
Արմեն Վարդանյանի խոսքով' բնապահպանության նախարարությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը հասարակական կազմակերպությունների հետ միասին անցյալ տարվանից «Կենդանական աշխարհի մասին» օրենքում անազատ եւ կիսազատ պայմաններում վայրի կենդանիների պահման վերաբերյալ փոփոխություններ է նախաձեռնել: «Օրենքի նախագիծն արդեն շրջանառության մեջ է դրվել»,-ասաց Վարդանյանը:
Նա նշեց, որ օրենքով սահմանված է' մեկ արջի պահման համար նախատեսված տարածքը 25 քառակուսի մետր է: «Սեփականատերը պարտադիր պետք է ունենա արջի պահման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, ինչպես նաեւ բժշկի թուղթ' արջի առողջական վիճակի մասին»,-հավելեց Արմեն Վարդանյանը:
Բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականը ևս օրերս հոդված է հրապարակել Հայաստանի ժամանցի վայրերից մեկում գորշ արջերի պահման անմխիթար վիճակի մասին: