Այսօր Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանին ներկա չէր վարչապետ Կարեն Կարապետյանը: Վարչապետը մասնակցում է Հայաստանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Ազգային ժողովում այսօր ներկա չէին ևս մի քանի նախարարներ, ուստի հարցուպատասխանն անցավ առանց ծավալուն քննարկումների, իսկ վարչապետի համար նախատեսված հարցերն այդպես էլ չհնչեցին: 

ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը հարց ուղղեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ հետաքրքվելով՝ ինչո՞ւ նախարարությունը չի կատարում իր խոստումը. «Խոստացել են, որ 340 միլիոն դրամով նախատեսվում է վերանորոգել Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան ընմբշամարտի դպրոցը: Ես ուզում եմ հասկանալ՝ հիմա ինչո՞ւ չի վերանորոգվում: Ըմբշամարտի չեմպիոնին խոստում տալ և չկատարելը լավ բան չէ»,-ասաց Ցոլակյանը: 

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ նախարար Հրաչյա Ռոստոմյանը նշեց, որ նախարարությունն ինչ խոստանում, այն էլ անում է, իսկ դպրոցը չի վերանորոգվել, քանի որ դրա համար կան այլ պատճառներ. «Ինչ խոստանում ենք, դա կատարում ենք: Այդ դպրոցը վերանորոգելն ուղղակի սխալ է, պետք է նորը կառուցվի: Դպրոցի կողքին տարածքը կար և հիմա տարվում են աշխատանքներ: Մենք ոչ միայն Արթուր Ալեքսանյանին վայել դպրոց ենք կառուցելու, այլ նաև կառուցելու ենք այն միջազգային չափանիշներին համապատասխան և անցկացնելու ենք այնտեղ Արթուր Ալեքսանյանի անվան մրցաշար: Այս ամենը այս տարի կհաստատենք, հաջորդ տարի կկառուցենք»

Նախարարի պատասխանը չբավարարեց ՀՀԿ-ական պատգամավորին՝ տված խոստումները՝ նույնպես. «Խոստումները վաղուց են սկսվել, հինգ տարի է՝ այդ խոստումները կան, ես ուզում եմ ասել՝ եթե խոսք եք տվել, կատարեք: Ի՞նչ ասեմ, եթե եկող տարի կսկսեք՝ սկսեք»:

Նախարար-պատգամավոր լարված զրույցը ցրեց Արա Բաբլոյանը՝ ֆելիքս Ցոլակյանին հորդորելով չհոգնել և շարունակել այս դպրոցի նկատմամբ վերահսկողությունը: 

Աղավնի Սուքիասյան