Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության Դաշնային կանցլեր Սեբաստիան Կուրցին պաշտոնը ստանձնելու, ինչպես նաև Ավստրիայի ժողովրդական կուսակցությանը՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը հաջողություններ և շոշափելի ձեռքբերումներ է մաղթել Ավստրիայի նորընտիր կանցլերին և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման տարիներին կյանքի կկոչվեն բարեկամ ավստրիացի ժողովրդի հույսերն ու նպատակները։

«Հայաստանի համար Ավստրիան կարևորագույն գործընկեր է, որի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի։ Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր' 25 տարիների ընթացքում, հայ-ավստրիական երկկողմ հարաբերություններին մշտապես ուղեկցել են փոխադարձ հարգանքը և վստահությունը։ Շնորհակալ ենք, որ այս տարիներին Ավստրիան մշտապես աջակցել է Հայաստանին՝ իր նշանակալի ներդրումը բերելով մեր երկրի կայուն զարգացմանը»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում։

Նախագահ Սարգսյանը մեծապես կարևորել է նաև Եվրոպայի ժողովրդական կուսակցության ընտանիքի մաս կազմող՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության և Ավստրիայի ժողովրդական կուսակցության միջև կապերի խրախուսումն ու հետևողական ընդլայնումը։