Վիգեն Սարգսյանը երեկ ԱԺ-ում ներկայացրեց բազմաթիվ տարակարծությունների տեղիք տված «Զինծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» ՀՀ  օրենքի նախագիծը։  Նախագծի մասին առաջին հայտարարությունն իսկ, կապված հատկապես տարկետման նոր սկբունքների հետ, ուղղեկցվեց մի խումբ ուսանողների և հասարակության որոշակի զանգվածի կողմից դժգոհության ալիքի բարձրացմամբ։  Բոլորին բանակ տանելու՝ պետության կողմից որդեգրած քաղաքականությունը միանշանակ պետք է ընդունելի լինի պատերազմող երկրի և իր հասարակության համար։ Նախագիծն իր մեջ պարունակում է պաշտպանական խնդիրների լուծում, ինչպես նաև զինվորական ծառայության մեջ խտրականության վերացում, որին մեր հանրությունը տարիներ շարունակ համակերպվել է։ Եվ դժգոհությունների ալիքի պատճառը մեծ մասամբ ոչ թե օրենքի բուն տրամաբանության մեջ է կայանում,  այլև հասարակության կողմից նոր ապրելակերպի անցման անպատրաստակամության։ 

Հանրության շրջանում կարծիքներն այնքան բազմազան են, որ խորհրդարանական ուժերի, նույնիսկ նույն խմբակցության պատգամավորների կարծիքներն իրար հետ չէին համընկնում և մեր ընդդիմադիրներն անգամ չեն կարողանում կողմնորոշվել՝ վերջապես բխում է պետության և հասարակության շահերից, թե ոչ։ Մինչ այս, ծառայությունից խուսափելու մեխանիզմներն այնքան ճկուն են եղել, որ հանրության կողմից անմիջապես համակերպվել նման իրավիճակի հետ երկար ժամանակահատված կպահանջի։ Եվ այս հանգամանքը Պաշպանության նախարարությունում բացառվում է, որ հաշվի առած չլինեն։

Խտրականության վերացման կոնտեքստում Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած մոտեցումն առ այն, որ հոգևորականները նույնպես ենթարկվեն այս տրամաբանությանը, ընդունելի է, սակայն հոգևորականերին և գիտության ներկայացուցիչներին ուղարկել ծառայության և ռիսկի տակ դնել վերոնշյալ ոլորտները, կնշանակի խոսել պաշտպանական համակարգում եղած մարդկային ռեսուրսի ծայրահեղ սակավության մասին, ինչի հետ համաձայն են և իշխանության ներկայացուցիչները, ովքեր հանդիսանում են նախաձեռնող կողմը, և ընդդիմադիրները։ Եվ եթե համարենք, որ ծառայությունը չի խոչընդոտի ուսանողի՝ գիտությամբ զբաղվելու ձգտմանը, ապա հոգևորականի պարագայում՝ չենք կարող չընդունել, որ զորամասերում առկա արատավոր բարքերը միանշանակ կշեղեն հոգևորական երիտասարդներին կրոնական դաստիարակությունից։ Ուրեմն, ստացվում է, որ պետության կողմից մշակվող օրինագծերը արդյունավետ կիրառման և ցանկալի արդյունքի հանգեցնելու առումով արգելքների են հանդիպում նուն իշխանության կողմից սխալ կառավարման արդյունքում արմատացած խնդիրների պատճառով։

Պետք է ընդունել, որ  թե՛ իշխանությունները, թե՛ հանրությունը և թե՛ ընդդիմադիրներն իրենց տրամադրության տակ ունեցած ժամանակն  առաջնահերթ պետք է օգտագործեին առկա գերօրակարգային խնդիրների վերացման գործին հետևողական լինելու վրա,  հետո նոր անցում կատարեին պաշտպանությունը բարելավելուն միտված նորամուծությունների իրականացմանը, այսինքն ցանկացած նախաձեռնության համար հարկավոր է պարարտ հող նախապատրաստել, ինչի ժամանակը մեր իշխանությունները կարծես արդեն վատնել են։ Եվ եթե բանը հասել է նրան, որ պետությունը պատրաստ է, թեկուզ որոշ չափով, մի կողմ դնել գիտության զարգացումը և դարեր շարունակ  ազգապահպան նշանակություն ունեցող կրոնական ֆակտորը, ապա դա նշանակում է, որ հայ ժողովուրդը կանգնած է  լայնածավալ պատերազմի վերսկսման լուրջ վտանգի տակ, այլապես նման նախատրաստական միջոցառումներն այսքան հապճեպ ու ծայրահեղացված դրսևորումներ չէին կրի։ Օրինականացնելով պատերազմական իրավիճակում հասարակության բացառապես բոլոր շրջանակների պարտադիր ներկայությունը բանակում, և վերջին հույսի մոբիլիզացիոն գործողություններ իրականացնելով՝  պետությունը փորձում է ամեն կերպ ապահովել հայ ժողովրդի անվտանգությունը։ Եվ ենթադրյալ պատերազմի շեմին իշխանությունների կողմից  նման գործելակերպն ավելի շուտ իրավիճակային բնույթ է կրում, քան  ինստիտուցիոնալ, ինչը նշանակում է՝ պատերազմի շեմին գտնվող  հանրության մոտ հարմարության խնդիր չի կարող առաջանալ։ 

Վաչիկ Գրիգորյան