Դոնեցկի կենտրոնում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մի քանի մարդ տուժել է: Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն:

Միջադեպը տեղի է ունեցել 5 հարկանի բնակելի շենքի շքամուտքերից մեկում: Նախնական վարկածով, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով:

Նախնական տվյալներով, պայթյունի հետևանքով տուժել է երկու մարդ: Նրանցից մեկը տղամարդ է, ում ոտքն է վնասվել: Բժիշկները նրան առաջին օգնություն են ցուցաբերել: Երկրորդ տուժածը կին է, ում փրկարարները շենքից դուրս են հանել բնակարանի պատուհանով՝ արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ մեքենայի օգնությամբ:

Ավելի ուշ հաղորդվել է, որ պայթյունի հետևանքով 5 մարդ է տուժել, որոնց թվում են նաև 4 և 8 տարեկան երեխաներ: Արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ հայտարարել են, որ պայթյունը տեղի է ունեցել երկրորդ և երրորդ հարկերի միջև, ինչի հետևանքով շքամուտքում փլուզում է եղել: Նախնական տվյալներով, փլատակների տակ մարդիկ չեն մնացել, սակայն հնարավոր տուժածների որոնողական աշխատանքները շարունակվում են: