«Միասին «այո» կոալիցիան եւ «Թեկնածուներ հանուն ժողովրական միասնության» կուսակցությունը Կատալոնիայի խորհրդարանում առաջարկություն են գրանցել հանրապետության ստեղծման վերաբերյալ:

Այդ մասին հոկտեմբերի 27-ին հայտնել է El Pais թերթը: Ըստ նրա տեղեկատվության՝ անկախության կողմնակիցներն առաջարկում են «ստեղծել Կատալոնիայի հանրապետություն՝ որպես անկախ, ինքնիշխան, իրավական, ժողովրդավարական եւ սոցիալական պետություն»:

Նրանք նաեւ գտնում են, որ պետք է ուժի մեջ մտնի անցումային շրջանի մասին օրենքը, որին հանվանություն է տվել տարածաշրջանային խորհրդարանը, եւ որի գործողությունը կասեցրել է Իսպանիայի Սահմանադրական դատարանը: Կատալոնիայի իշխանությունների վարկածով՝ այն կարգավորում է ինքնավարության դուրս գալը թագավորության կազմից:

Տարածաշրջանի խորհրդարանը պետք է նիստ գումարի հոկտեմբերի 27-ին, որպեսզի պատասխան տա երկրի կառավարության կողմից ծրագրվող միջոցներին, որոնք ենթադրում են Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնի, նրա տեղակալ Օրիոլ Ժունկերասի եւ տարածաշրջանային կառավարության դեպարտամենտների ղեկավարների պաշտոնանկությունը: Օրվա ընթացքում Իսպանիայի Սենատը պետք է քվեարկություն անցկացնի կառավարության առաջարկությունների շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: