Դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ դատավորի՝ այլ վարչական շրջանի դատարանի շենքում դատավարությունն անցկացնելու ժամանակ, անհրաժեշտություն է առաջանում փաստաթղթերը (միջնորդություններ, դիմումներ) հանձնել գործը քննող դատավորին՝ գրասենյակի միջոցով։ Ըստ գործավարության կանոնների փաստաբանի կողմից նշված փաստաթուղթը պետք է հանձնվի գործը քննող դատարանի գրասենյակ։ Նման պրակտիկան դժվարություններ և անհարմարություններ է ստեղծում փաստաբանների համար՝ առաջացնելով ժամանակի և ռեսուրսների կորուստ: Այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատից:

Մեր տեղեկություններով ՀՀ դատական դեպարտամենտը գործնականում կարգավորում է խնդիրը՝ հնարավորություն տալով փաստաբաններին փաստաթղթերը մուտքագրել այն դատարան, որտեղ փաստացի գործը քննվում է, սակայն իրավական առումով հարցը լուծված չէ։

Համաձայն ՀՀ դատական օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ, 9-րդ և 10-րդ կետերի՝ դատարանների նախագահների խորհուրդն է հաստատում դատարանների գործավարության կանոնները, սահմանում է դատարանների` օրենքով չսահմանված նստավայրերը և հաստատում է դատավորների` ըստ նստավայրերի բաշխման կարգը, մշակում և հաստատում է դատավորների և դատարանների նախագահների գործուղման, արձակուրդի կամ հիվանդության դեպքերում նրանց փոխարինելու կարգը:

Նշված լիազորությունների իրականացման նպատակով Դատարանների նախագահների խորհրդի ընդունած իրավական ակտերում այս հարցը  կարգավորված չէ:

Հաշվի առնելով վերոգրյալը և խնդրի կարևորությունը ՀՀ փաստաբանների պալատի նախագահը դիմել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդին խնդրելով ապահովել անհրաժեշտ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ համապատասխան իրավական ակտերում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը՝ ապահովելու համար դատավորների այլ դատարաններում դատական նիստերն անցկացնելու ժամանակ փաստաբանների հնարավորությունն անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը մուտքագրել և ստանալ այն դատարանի գրասենյակից, որտեղ փաստացի տեղի են ունենում դատական նիստերը: