Հայաստանի մշակույթի նախարարությունում կայացել է գիտամեթոդական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել է Երեւանի Փակ շուկայի հարցը, որտեղ շինարարություն է իրականացնում եւ հերթական առեւտրի կենտրոնը կառուցում պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Գիտամեթոդական խորհուրդը որոշել է սկսել շուկայի նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածի ապամոնտաժման աշխատանքը՝ նախագծով ներկայացված և խորհրդի կողմից որոշված ընդունելի ծավալով: Գիտամեթոդական խորհուրդը նաև որոշել է իրականացնել նախագծով նախատեսված Կենտրոնական ծածկած շուկայի հետնամասի պահպանված պատերի վերականգնման, ուժեղացման, ամրակայման աշխատանքներ։ Պետք է մշակվի շուկայի վերականգնման նախագիծը՝ շինության տեխնիկական վիճակի մասին նոր եզրակացության հիման վրա և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը:
Փակ շուկայի հարցը երկար ժամանակ է գտնվում է քաղաքացիական հանրույթի ուշադրության կենտրոնում: Եղան մի քանի բողոքի ակցիաներ, որ շուկան սեփականությամբ ձեռք բերած Սամվել Ալեքսանյանն իրականացնում է ապօրինի շինարարություն, աղավաղում է շուկայի ճարտարապետական տեսքը, եւ այլն: Երեւանի քաղաքապետարանը մի քանի անգամ որոշում կայացրեց, որ շուկայի շինարարությունը պետք է դադարեցվի: Եղավ շուկայի կամարների հայտնի խնդիրը, որոնք շինարարները քանդեցին՝ թեեւ չպետք է քանդեին, չունեին դրա թույլտվությունը: Իսկ սեփականատեր օլիգարխ Ալեքսանյանն էլ հայտարարեց, թե կամարները չեն քանդել, այլ ինքնափլուզվել են:
Մի խոսքով, Սամվել Ալեքսանյանն ու նրա ընկերոջ՝ Ռուբեն Հայրապետյանի ընկեր Տարոն Մարգարյանը ձեռք-ձեռքի տված, հասարակության հետ մուկնուկատու խաղալով առաջ էին մղում Փակ շուկայի շինարարությունն իրենց ուզած ձեւով, որեւէ կերպ ուշադրություն չդարձնելով հասարակական բողոքներին: Դրանց ուշադրություն չէր դարձնում նաեւ այսպես ասած կենտրոնական իշխանությունը, որը հիմա Տարոն Մարգարյանին կրկին առաջադրում է Երեւանի քաղաքապետի թեկնածու, իսկ Սամվել Ալեքսանյանին էլ շարունակում է պատսպարած պահել իր խորհրդարանական խմբակցության ներքո:
Ահա այս ֆոնին մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի որոշումը կարող է ընդամենը լինել մուկնուկատուի հերթական ակտը, քանի որ պարզ հարց է առաջանում, թե մինչեւ հիմա ուր էր մշակույթի նախարարությունը, ինչու նախարարությունն ու քաղաքապետարանը պատշաճ կերպով չէին կատարում իրենց վերահսկողական գործառույթները:
Բայց, հնարավոր է նաեւ, որ տեղի ունեցածը ոչ թե հերթական մուկնուկատուն է, այլ պարզապես Սամվել Ալեքսանյանի իշխանության ժամկետը մոտենում է ավարտին, եւ նա միգուցե ապագայում ստիպված լինի որոշ հարցերում հաշվի նստել հանրային կարծիքի, հանրային շահի եւ օրենքի հետ:
Դա իհարկե դեռ պետք է գործնականում երեւա, թե ինչքանով իրականություն կդառնան մշակույթի նախարարության կայացրած որոշումները: Բայց, հատկապես նախագահի ընտրությունից հետո այդ որոշումն իսկապես հետաքրքրական է՝ ստեղծված ներքաղաքական ֆոնի, ինչպես նաեւ արտաքին քաղաքական համատեքստի առումով, որում Հայաստանի իշխանությանը կամ «վերընտրված» Սերժ Սարգսյանին ավելի ու ավելի հստակ են շեշտադրում օլիգարխիայի ամենաթողության դեմ պայքարի անհրաժեշտության մասին:
Իհարկե, միջազգային այդ պրեսինգի տակ հայտնված իշխանության համար մեղմ ասած ցանկալի կլինի, որ Փակ շուկայով այդ պայքարը ոչ թե ավարտվի, այլ սկսվի: