ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից լրացուցիչ մեկնաբանություն են տարածել այսօր՝ հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի կողմից հնչեցված կարծիքի վերաբերյալ, որը մեծ թափով տարածվեց և քննարկումների առիթ դարձավ:

Մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորև.

Այսօր ՀՀ ԱԺ բակում լրագրողների հետ տեղի ունեցած զրույցում ՀՀ ԱԺ նախագահի հայտնած կարծիքը որոշ լրատվամիջոցների կողմից ներկայացվում է համատեքստից կտրված և որպես հետևանք՝ ոչ ճիշտ մեկնաբանությամբ: Մասնավորապես, «Եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, Հայաստանն ի՞նչ ուղղությամբ կզարգանար ըստ Ձեզ: Այնպիսին, ինչպիսին այսօր կա՞, թե՞ այլ կերպ կլիներ»,- լրագրողի հարցին` ՀՀ ԱԺ նախագահը պատասխանել է բառացի.

«Ամեն դեպքում իշխանությունը կարողանում է զարգացնել այնպես, ինչպես ժողովուրդը նրան վստահում է, և այդ առումով չեմ կարծում, որ տատանումները մեծ լինեին, և տարբերությունը մեծ լիներ։ Մենք ունենք դանդաղ, բայց հստակ առաջընթաց, և այդ ամենը տարբեր ֆակտորներով է բացատրվում։ Ուղղակիորեն ասել, որ մենք կունենայինք այլ որակի Հայաստան, համոզված եմ, որ ոչ: Միակ այլ որակն այն է, որ, այո՛, մենք չէինք ունենա մեր այս ողբերգությունը, որը մենք, ցավոք, մեր պատմության մեջ ունենք: Մնացածը՝ տնտեսական զարգացումներ և այլն, չեմ կարծում, որ մեծ փոփոխություններ կարող էին տեղի ունենալ»: Խնդրում ենք ՀՀ ԱԺ նախագահի արտահայտած կարծիքը ներկայացնել կա՛մ ամբողջությամբ, կա՛մ առանց հատվածական մեջբերումների և անտեղի շահարկումների, որոնցում, մասնավորապես, կբացակայի այն հիմնական միտքը, ըստ որի` ժողովուրդն իր վստահությամբ է ընտրում զարգացման այն ճանապարհը, ինչով իշխանությունները զարգացնում են պետությունը: Անհրաժեշտ է նաև չանտեսել լրագրողի հարցի ամբողջականությունը, մասնավորապես այն, որ լրագրողը հարցնում է զարգացման այսօրվա վիճակի մասին և ոչ թե զարգացման ընթացքի: Ինչպես նաև այն, որ լրագրողը հարցնում է ՀՀ ԱԺ նախագահի անձնական կարծիքը: