Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ ատոմային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ռազմավարական ուղղություն:

Նախագահի ելույթի գլխավոր մեսիջը ակնհայտ է՝ Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել ատոմային էներգետիկայից, չնայած որոշ եվրոպական կառույցների այն պնդումներին, որ Հայաստանի համար ավելի անվտանգ կլինի շահագործել այլընտրանքային և վերականգնվող էներգետիկայի աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիան: Հայաստանը չի պատրաստվում նոր ատոմակայան կառուցելու համար վարկային միջոցներ ներգրավել (անկեղծ լինելու համար՝ ասենք, որ որևէ մեկը Հայաստանին նման մեծ վարկ չի էլ տա), այլ ցանկանում է, որ ատոմային էներգաբլոկի շինարարությունը լինի ներդրումային ծրագիր, երբ տարբեր մասնավոր ներդրողներ իրենք գումարներ կներդնեն ատոմակայանի կառուցման գործում: Թե որքանով է իրատեսական, որ մասնավոր ներդրողները կարող են միլիարդավոր դոլարներ ներդնել Հայաստանում ատոմակայանի կառուցման գործում, հայտնի չէ:
 
Սակայն մեկ այլ հարց է՝ Հայաստանը չի՞ ուզում, թե՞ Հայաստանին չեն թույլատրում մտածել էներգետիկայի այլընտրանքային աղբյուրների զարգացման մասին: Միևնույն ժամանակ՝ փաստ է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Առաջիկա տասնամյակում համակարգի հիմնական մարտահրավերներն են լինելու` բավարար էներգամատակարարման ապահովումը, Ռուսաստանից էներգետիկ կախվածության չեզոքացումը, համակարգի արդիականացման համար ներդրումների ներգրավումը, սպառողների համար` էներգամատակարարման մատչելիության ապահովումը: Այդ մարտահրավերներին հնարավոր է պատասխանել միայն ինքնուրույն էներգետիկ քաղաքականության իրականացմամբ, ինչը, սակայն, ԵՏՄ շրջանակներում բացառվում է: Հայաստանն արդեն մեկ անգամ սխալվել է, երբ 2000-ական թվականներից սկսած՝ իր էներգետիկ քաղաքականությունը հանձնել Է ռուսական ընկերությունների ձեռքը: Դրա արդյունքում այսօր մեր երկիրը կանգնած է էներգետիկ ճգնաժամի շեմին: Եթե ԵԱՏՄ շրջանակներում շարունակվեն էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման գործընթացները, ապա Հայաստանի էներգետիկան կհայտնվի վերջնական շրջափակման մեջ և չի կարող խուսափել աղետից:
 
Այլընտրանքային էներգետիկայի ոլորտում Հայաստանը լուրջ առաջարկ էր ստացել դեռևս ամիսներ առաջ: ԱՄՆ դեսպանատունը Երեւանում կազմակերպել էր համաժողով՝ վերականգնողական էներգետիկայի թեմայով: Դրան մասնակցել է ամերիկյան մի քանի խոշոր ընկերություն: Դեսպան Միլզը համաժողովին հայտարարել էր, թե ամերիկյան ընկերությունների հետաքրքրությունը եղել է իրենց ակնկալածից ավելի: ՀՀ կառավարության պաշտոնական լրահոսը նույնիսկ տեղ չհատկացրեց այս առաջարկությանը: Իսկ խոսքն ընդամենն այն մասին էր, որ ՀՀ իշխանությունները պիտի երաշխավորեին հավասար պայմաններ բոլոր ընկերությունների համար, ոչ ավելին: Այսինքն՝ այդպիսի երաշխիք կառավարությունն, ըստ ամենայնի, չի էլ պատրաստվում տալ եւ իր դժկամությամբ հասկացնել է տալիս, որ այս առաջարկությունն իր սրտով չէ: Այդպես է ստացվում: Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում տեղի է ունենում մասշտաբային էներգետիկ հեղափոխություն, եւ ամբողջական ավաններ եւ քաղաքներ են անջատվում ընդհանուր էներգամատակարարման համակարգից, որովհետեւ տանիքների վրա սկսել են կղմինդրի փոխարեն տեղադրել արեւային պանելներ, ազատ, հողագործության համար չօգտագործվող տարածքներում էլ տեղադրում են քամու գեներատորներ, ինչը վերականգնվող, էկոլոգիապես մաքուր էներգիայի անսպառ աղբյուր է: Բացի դրանից, Իլոն Մասկի ընկերությունները՝ «Տեսլա»-ն եւ նրան հետապնդող մրցակիցներն, անցած՝ ընդամենը մի քանի տարվա ընթացքում նոր տիպի ավտոմոբիլների մոդելային շարքեր են առաջարկել միլիոնավոր սպառողների, ինչի հետեւանքով ածխաջրածնային վառելիքը դարձել է խմելու ջրից էլ էժան: Եվ հաստատապես այս միտումը շարունակվելու եւ խորանալու է, քանզի դեռ իրենց խոսքը չեն ասել, օրինակ, ճապոնացիները եւ գերմանացիները, որոնք միլիարդավոր դոլարներ են ծախսում այս նոր տեխնոլոգիաները զարգացնելու ուղղությամբ:
 
Եվ դեսպան Միլսի առաջարկը նաեւ առաջարկ է Հայաստանին օգտվելու այս չափազանց հեռանկարային, տեխնոլոգիական եւ տնտեսական ճեղքում երաշխավորող հնարավորություններից: Այսօր Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ փաստեց, որ Հայաստանը չի պատրաստվում օգտվել այդ արտոնություններից, հետևաբար, մենք շարունակելու ենք ողջ աշխարհից մեկ-երկու քայլ հետ մնալ:
 
Ստելլա Խաչատրյան