Datalex դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 2017 թվականի հոկտեմբերի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում դատարաններ դատական հայցեր է ներկայացրել՝ մոտ 596  հայցադիմում: Հայցապահանջների բովանդակությունը նույնն է՝ գումարի բռնագանձում: 

Նույն դատական հայցերի ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ պարտապանների մեջ մեծ թիվ են կազմում  Շիրակի մարզի ջրօգտագործողները:

Ինչպե՞ս է ստացվել, որ մեկ ամսում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն դատի է տվել 569 քաղաքացու, փորձեցինք պարզել «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

Մեզ հետ զրույցում ընկերության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պետ Մուրադ Սարգսյանը նշեց, որ հայցապահանջների այդ քանակը պայմանավորված է նրանով, որ ընկերությունը փորձել է պարտավորությունները ստանձնելուց անմիջապես հետո դատի չտալ ոչ պատշաճ վարձ վճարողներին՝ նրանց տալով որոշակի ժամանակ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն գործում է այս տարվա հունվարի մեկից, և քանի որ նոր էինք սկսել մեր աշխատանքը, չցանկացանք մեկ-երկու ամիս վարձ չվճարողներին դատի տալ: Բայց ամիսների ընթացքում պարզ դաձավ, որ կա սպառողների մի շերտ, որոնք պարզապես չեն վճարում օգտագործած ջրի դիմաց, անբարեխիղճ են: Հոկտեմբերին վերլուծեցինք իրավիճակը և խմբավորելով վարձ չվճարողներին, մտանք դատարան: Հոկտեմբերից հետո նույնպես պարբերաբար դիմելու ենք դատարաններ, որպեսզի կարողանանք հավաքել չվճարված պարտքերը»,-ասաց Սարգսյանը՝ նշելով, որ հայցապահանջներ կան ՀՀ տարբեր մարզերի ջրօգտագործողների նկատմամբ:

Մուրադ Սարգսյանի բնորոշմամբ՝ ջրօգտագործման ծառայությունը Հայաստանում շարունակում է համարվել ամենաէժան հանրային ծառայությունը, ուստի անընդունելի է, որ քաղաքացիները չեն վճարում դրա դիմաց:

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պետից հետքրքվեցինք նաև՝ արդյոք առաջիկայում սպասվո՞ւմ է սակագնի թանկացում«Այս պահին գործող 180 դրամ սակագինը պահպանվելու է մինչև այս տարվա վերջ: Թե եկող տարվանից ինչ մեկնարկային սակագին կլինի, կորոշի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը»,-ասաց Մուրադ Սարգսյանը:

Աղավնի Սուքիասյան