Փետրվարի 22-ին լրացավ Թուրքմենչայի պայմանագրի կնքման 185-ամյակը: Հիշեցնենք Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև կնքված այս պայմանագրով Ռուսաստանին անցան Երևանի և Նախիջևանի խանությունները, որոնք մինչ այդ գտնվում էին Պարսկաստանի կազմում:

Այս տարվա հոկտեմբերի 24-ին լրանում է Ռուսական կայսրության և Պարսկաստանի միջև կնքված մեկ այլ պայմանագրի'Գյուլիստանի պայմանագրի կնքման 200-ամյակը: Այս պայմանագրով էլ Պարսկաստանը, ի թիվս այլ տարածքների' Ռուսաստանին զիջեց Ղարաբաղի խանությունը, Շամշադինի, Իջևանի, Զանգեզուրի և Շիրակի շրջանները: Ռուս-պարսկական 1804-1813թթ. և 1826-1828թթ. պատերազմների արդյունքում Արևելյան Հայաստանը Պարսկաստանի կազմից մտավ Ռուսական կայսրության կազմի մեջ:
Թուրքմենչայի պայմանագրի կնքման 185-ամյակի մասին Հայաստանում ոչ ոք չհիշեց: Այն հիմա համարվում է ռուսական կայսերական տոն, և համարվում է, որ ոչ մի կապ չունի Հայաստանի Հանրապետության հետ և մեր պետական անկախության հետ: Հայ անկախականներն ու ազգայնականները համարում են, որ հայերի համար, մեծ հաշվով, ոչ մի նշանակություն չունի, թե հայկական տարածքները գտնվում էին Պարսկական պետությա՞ն, թե՞ Ռուսական կայսրության տիրապետության տակ: Ի վերջո, Ռուսաստանը չէր պատերազմում Հայաստանն ազատագրելու համար, այլ ընդամենն ընդլայնում էր իր կայսրության սահմանները: Սա, իհարկե, ճիշտ է, և սրա հետ կապված վիճելն անիմաստ է:
Բայց փաստն այն է, որ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերով Ռուսական կայսրության տիրապետության տակ անցած տարածքներում, 90 տարի անց'1918թ., ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը:
1828թ. Թուրքմենչայի պայմանագրի կնքումից հետո Երևանի խանությունում և մյուս հայկական տարածքներում հայկական բնակչությունը կազմում էր 20 տոկոս, բացառությամբ Սյունիքի և Ղարաբաղի: Եվ նույնիսկ այդ հայկական բնակչության մի զգալի մասը հայախոս չէր, նրանց մի մասը նույնիսկ իսլամադավան էր:
Ինչ արեց Ռուսաստանը 1828թ. հետո: Պետական մակարդակով կազմակերպվեց հայերի վերաբնակեցումը Պարսկաստանի Սալմաստի, Խոյի և մյուս նահանգներից' դեպի Արևելյան Հայաստան: Իհարկե, այս դեպքում ևս Ռուսաստանին չէր հետաքրքրում հայերի վիճակը, և Ռուսական կայսրությունը դա անում էր սեփական շահերի համար, նպատակ ունենալով ամրացնել իր սահմանները, համարելով, որ քրիստոնյա հայ հպատակներն ավելի հուսալի են, քան իսլամադավան թաթարներն ու քրդերը: Ճիշտ է նաև այն, որ Ռուսական կայսրությունը, ի դեմս կայսեր' Նիկոլայ 1-ինի, մերժեց ռուսական բանակի մի շարք հայ հրամանատարների առաջարկը' ստեղծել հայկական կիսաանկախ կազմավորում' Ռուսական կայսրության պրոտեկտորատի տակ: Պարզ է, որ Ռուսական կայսրությունը, ինչպես և ցանկացած կասրություն, չի պատերազմում ուրիշներին անկախություն շնորհելու համար:
Բայց փաստ է և այն, որ Ռուսական կայսրության տիրապետության օրոք այս տարածքը դարձավ հայկական, սկսեց ապրել հայկական կյանքով. հիմնվեցին հարյուրավոր հայկական գյուղեր, փոխվեց բնակչության ազգային կազմը, բացվեցին հայկական դպրոցներ, կառուցվեցին տասնյակ և հարյուրավոր հայկական եկեղեցիներ: Ի վերջո, Ռուսական կայսրության գործունեության 90-ամյա գործունեության արդյունքն էր, որ ստեղծվեց Հայաստանի անկախ Հանրապետությունը:
Շատերն ասում են, որ Հայաստանի անկախ պետությունը ստեղծվեց միայն 1917թ. Ռուսական կայսրության փլուզման արդյունքում, և դա ամենևին կապ չունի Թուրքմենչայի կամ Գյուլիստանի հաշտության պայմանագրերի հետ: Բայց նկատի ունենանք, որ այդ նույն ժամանակաշրջանում փլուզվեց նաև մեկ այլ' Օսմանյան կայսրությունը, և այդ կասրության մեջ ապրող հայերը ոչ միայն չկարողացան սեփական պետություն ստեղծել, այլև ենթարկվեցին ցեղասպանության և տեղահանության:
Խնդիրը, սակայն, այն չէ, որ Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերը համարում են ռուսական տոներ, և պետականորեն չեն նշում դրանք' համարելով, որ դրանք մեր անկախ պետականությանը չեն առնչվում:
Կա ավելի հետաքրքիր ու զարմանալի բացատրություն: Հայ իշխանական էլիտայի որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ նշել այդ պայմանագրերի ստորագրման տարեդարձները, քանի որ դրանով կարող է ոտնահարել Հայաստանի Հանրապետության մեկ այլ ռազմավարական դաշնակցի և հարևանի' Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զգացմունքները: Եթե այդ պայմանագրերը Ռուսաստանի համար հաղթանակի տոներ են, ապա Իրանի համար' պարտության և սգո տարելիցներ: Բայց հենց դրա համար, Հայաստանն այդ պայմանագրերին պետք է նայի, ոչ թե Ռուսաստանի կամ ԻԻՀ տեսակետից, այլ զուտ հայկական մեկնակետից: Իսկ այդպես նայելու դեպքում պետք է արձանագրել, որ եթե չլինեին այդ պայմանագրերը, ամենայն հավանականությամբ, չէր լինի նաև Հայաստանի անկախ Հանրապետությունը: