Ադրբեջանցի իրավապաշտպան Ալեքփեր Մամեդովը ստիպված լքել է երկիրը՝ իր նկատմամբ գործադրված ճնշումների պատճառով: Մամեդովի եւ նրա ընտանիքի նկատմամբ ճնշումները սկսվել էին զինվորների մահվան մասին մամուլի ասուլիսից հետո: Մասնավորապես պաշտպանության նախարարության ղեկավար կազմը դժգոհ էր մնացել զոհված զինվորների մարմնամասերի վաճառքի վերաբերյալ նրա հայտարարությունից:

«Ինձ խոստացել էին, որ Նասիմի դատարանում դատական գործընթացը կավարտվի իմ կալանքով, իսկ բանտում ինձ հետ հաշվեհարդար կտեսնեն», - ասել է Մամեդովը Turan գործակալությանը:

Իրավապաշտպանը չի հայտնել, թե որ երկիր է մեկնում, նշելով, որ դա անում է իր ընտանիքի անվտանգությունից ելնելով: Միաժամանակ նա ասել է, որ մտադիր է ադրբեջանցի զինծառայողների իրավունքների համար պայքարը շարունակել արտասահմանից: