Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը հոկտեմբերի 26-ին ընդունեց Մարուսիի քաղաքապետ, Հունաստանի քաղաքապետերի միության նախագահ Յորղոս Պատուլիսին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ դեսպան Չարչօղլյանը ընդգծեց Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված քաղաքական սերտ երկխոսությունը, կարևորեց երկու եղբայրական ժողովուրդների պատմական և մշակութային սերտ առնչությունների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Պատուլիսն իր հերթին անդրադարձավ հայ և հույն ժողովուրդների դարավոր բարեկամությանը՝ նշեց, որ հայերի շրջանում ունի բազմաթիվ բարեկամներ և պատրաստակամություն հայտնեց նպաստել հայ-հունական հարաբերությունների զարգացմանն իր գործունեության շրջանակներում:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ բժշկության, տնտեսական, ներդրումների, ապակենտրոնացված համագործակցության ոլորտներում՝ կարևորելով դրանց ընդլայնման և խորացման համար գոյություն ունեցող հնարավորությունների գործնական կիրառումը:

Մարուսիի քաղաքապետը Հայաստանի քաղաքներից որևէ մեկի հետ համագործակցության հուշագիր ստորագրելու պատրաստակամություն և Հայաստան այցելելու ցանկություն հայտնեց:

Կողմերը մտքեր փոխանակեցին նաև միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ: Այս համատեքստում դեսպան Չարչօղլյանը զրուցակցին մանրամասն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրի շուրջ վերջին զարգացումները, Ադրբեջանի կողմից Արցախի դեմ տարվող քաղաքականությունը և դրանով պայմանավորված գործողությունները` ընդգծելով, որ նման գործելաոճը որևէ հեռանկար չունի և վնաս է հասցնում ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը: