«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

««Առինջ մոլում» վաճառականների եւ հարկային ծառայության միջեւ  տարաձայնությունների լուծմանը երեկ ներգրավվել է մոլի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը: Վերջինս հարկայինի աշխատակիցների հետ միասին  հանդիպել է առեւտրականների հետ:

Նա հորդորել է, որ մոլ այցելող հարկային ծառայության աշխատակիցների հետ չվիճեն, փորձեն լեզու գտնել եւ հարցը լուծել առանց ԱԺ-ի մոտ միտինգներ կազմակերպելու:

«Հարկայինի հետ կապված ոչ մի խնդիր չկա: Մեկ-երկու անճշտություն կար, խնդրեցի, որ հավաքվենք, միասին կարգավորենք: Փաստաթղթերի ճշտումներ է, առանձնապես ոչ մի բան չկա: Հիմա տեսեք, որ բոլորն էլ գոհ, շնորհակալ են: Հարցերը կկարգավորվի, կգնա»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:

Առեւտրականների խոսքով՝ խնդիրն այն է, որ հարկայինը յուրաքանչյուր ապրանքի շարժի համար առանձին փաստաթուղթ է պահանջում: Մինչեւ վերջերս ապրանքները ներկրում էին այսպես կոչված «կարգոները», որոնք բացի ապրանքները տեղափոխելուց, նաեւ լուծում էին ապրանքները «կիլոյով» մաքսազերծման հարցը, ինչը բարդություններ էր առաջացնում հարկման տեսանկյունից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում