Սևանա լճի հարակից տարածքներում սննդի և հանգստի կազմակերպմամբ զբաղվող բոլոր տնտեսվարողներին մինչև դեկտեմբերի 31-ը մաքրման կայաններ տեղադրելու ժամանակ է տրվել:

Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` ներկայացնելով ՀՀ նախագահի հետ Սևանա լճի հիմնահարցերի քննարկման արդյունքները: «Բոլոր այն օբյեկտները, որոնք ծառայություն են մատուցում` սկսած սննդի և հանգստի կազմակերպումից, պետք է ունենան մաքրման կայաններ, որպեսզի Սևանա լիճ բաց թողնեն որակական տեսանկյունից նախընտրելի ջուր»,-ասաց նախարարը: 

Նրա խոսքով` «Սևան Ազգային պարկ»-ի միջոցով ծանուցում են ուղարկել բոլոր տնտեսվարողներին ու ժամանակ սահմանել մինչև տարեվերջ: «Շատերն արդեն ցանկություն հայտնել են: Հիմա ֆինանսական մեխանիզմների հարցն է քննարկվում, այդ թվում` նաև լիզինգի կարգով միջոցների ներգրավումը: Ազգային պարկն ու ՀՀ նախագահին առընթեր Սևանի հիմնահարցերի հանձնաժողովը համատեղ աշխատանքի արդյունքում փորձում են այս տնտեսություններին համախմբել այնպիսի ձևով, որ իրենց համար տնտեսապես նախընտրելի ու ձեռնտու լինի»,-հավելեց Արծվիկ Մինասյանը: Նախարարը նշեց, որ տնտեսվարողները 850-ից ավելի են, որոնցից 25-ն այս պահին ունեն մաքրման կայաններ և արդյունավետ աշխատում են: 

ՀՀ նախագահին առընթեր Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի համակարգող Յուրի Ջավադյանը նկատեց, որ հատկապես լվացքի ջրերի հետ հսկայական քանակությամբ թույներ են լցվում քաղցրահամ լիճ, ինչն այսուհետ լիովին արգելվելու է: «Բավականին մեծ հերթեր են գոյացել տնտեսվարողների կողմից, ովքեր ցանկանում են, որ մաքրման կայաններ տեղադրվեն, որ մաքուր ջուր թափվի Սևան: Առաջին անգամ մարդիկ հասկացել են, որ Սևանը նաև իրենցն է, իրենց հաց տվողը, այն պետք է մաքուր լինի»,-ասաց Յուրի Ջավադյանը: