168.am-ը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԱԺ-ում ՀՀ նախագահի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանից հետաքրքրվեց, թե նա ի՞նչ կարծիք ունի նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի գործով որպես պատվիրատու կալանավորելու մասին: «Նախաքննություն է ընթանում, կան ձերբակալվածներ, և պետք է սպասել պաշտոնական հաղորդագրություններին: Նման պարագայում ճիշտ չեմ համարում տեսակետների, կարծիքների հրապարակումը: Քննության շրջանակներում ամեն ինչ արվում է, ինչի մասին պարբերաբար հաղորդագրություններ են տարածվում»,- ասել է նա՝ ավելացնելով՝ «պետք է հասկանալ, որ Ազգային Անվտանգությունն անմեղ մարդկանց չի կալանավորում»:

Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը Սեդրակյանին կալանավորելու կապակցությամբ մինչ այդ ասել էր. «Մենք դեռ ամբողջությամբ չունենք պատկերացում Վարդան Սեդրակյանի քաղաքական առաքելության մասին, իսկ Վարդան Սեդրակյանն ուներ քաղաքական առաքելություն: Հնարավոր է՝ Վարդան Սեդրակյանն ուներ ռեսուրսներ, որոնք մտահոգում էին իշխանություններին: Դա կարող է լինել, օրինակ, կոմպրոմատ բնույթի տեղեկություններ կամ ապացույցներ, որոնք կարող են առնչվել «Մհերի դուռ» կազմակերպության հետ, քանի որ վերջին օրերին կարծես թե կապն արդեն Վարդան Սեդրակյանի, Գառնիկ Իսագուլյանի և այս կազմակերպության միջև ուրվագծվում է»:

Գ. Իսագուլյանն Ա. Ղուկասյանի այս տեսակետին անդրադառնալով՝ ասաց. «Սա խեղաթյուրված ինֆորմացիա է: Ես դեռ նախագահական ընտրություններից առաջ, եթե հիշում եք, ասել եմ, որ ճանաչում եմ նախագահի բոլոր թեկնածուներին՝ այդ թվում թե՛ Վարդան Սեդրակյանին, թե՛ Անդրիաս Ղուկասյանին: Երբ մենք ստեղծում էինք նախագահի աշխատակազմին զուգահեռ Քաղաքական հետազոտությունների ինստիտուտը, մենք հայտարարել էինք մրցույթ թափուր աշխատատեղերի մասին: Այդ ժամանակ Վարդան Սեդրակյանը ներկայացավ մեզ մոտ, որպես էպոսագետ, ինչի առիթով էլ ես իր հետ ծանոթացել եմ: Մի անգամ իր հետ բանավիճում էինք էպոսի մասին, հարցրեցի՝ տղա՛ ջան, գոնե մի աշխատություն ունե՞ս էպոսի վերաբերյալ, ասաց՝ չունեմ: Եվ ես զարմացա, որ իրեն որպես էպոսագետ է ներկայացնում: Ինչ վերաբերում է «Մհերի դուռ»-ին, ապա Վարդան Սեդրակյանը բացարձակ առնչություն չունի և չի էլ կարող ունենալ դրա հետ: Տարբեր մակարդակներ են: Երբ հանդիպել եմ իրենց հետ՝ միանգամայն լուրջ մարդիկ էին»:

Իսագուլյանը նշեց, որ «Մհերի դուռ» կազմակերպությունը պետք չէ կապել «Սասնա ծռեր» էպոսի Մհերի դռան հետ: Դրանք, ըստ Իսագուլյանի, կապ չունեն միմյանց հետ: Մեր հարցին, թե ինչո՞ւ է այդքան վստահ, որ կապ չունեն, Իսագուլյանը պատասխանեց. «Դուք խոսում եք մեկի մասին, ով էպոսի մասին լուրջ գիտելիքներ չունի, անգամ աշխատություն չունի, և «Մհերի դուռ»-ի լուրջ մարդկանց մասին: Իրար հետ բացարձակ կապ չեմ տեսնում: Իհարկե, հնարավոր է՝ Վարդան Սեդրակյանի հետ էլ հանդիպած լինեն, Անդրիաս Ղուկասյանի հետ էլ հանդիպած լինեն, բայց չեմ կարծում, թե կապ կա»:

Անդրիաս Ղուկասյանի վերոնշյալ տեսակետն, ըստ Գ. Իսագուլյանի, երևակայության արդյունք է, և Վարդան Սեդրակյանը ոչ մի ինֆորմացիայի չի տիրապետում: «Ամեն մարդ ենթադրություններ կարող է անել, բայց էպոսագետը ոչ մի ինֆորմացիայի երբեք չի տիրապետել: Մարդկանց տիպ կա՝ իրեն ներկայացնում է որպես էպոսագետ, մեկը՝ աստվածաշնչագետ, իսկ նման մարդկանց ախտորոշում տալ պետք չէ,- մասնավորեցրեց Իսագուլյանը՝ ավելացնելով,- Էպոսագետը վտանգավոր չէ, որ իրեն էլ իշխանությունները ձերբակալեն: Անդրիաս Ղուկասյանն էլ վտանգավոր չէ. պարզ, հացադուլավոր մարդ է: Նա էլ էպոսն է ուսումնասիրում, ուղղակի վատ է ուսումնասիրում: Այսքան բան»:

Ի դեպ, նկատենք, որ, ինչպես Անդրիաս Ղուկասյանն է Վարդան Սեդրակյանի մասին խոսելիս ասում, որ նա ինչ-որ քաղաքական առաքելություն ուներ նախագահի ընտրություններում, շատերն էլ Անդրիաս Ղուկասյանի առաքելության նպատակներն էին փորձում մեկնաբանել: Ոմանց մոտ ստացվում էր, ոմանց մոտ՝ ոչ: