Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայողները սերտորեն փոխգործակցելով Վրաստանի ներքին գործերի նախարարության գործընկերների հետ, հոկտեմբերի 29-ին Վրաստանի տարածքում հայտնաբերել ու  ձերբակալել են սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարելու համար հետախուզվող 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին: Ինչպես տեղեկացրին ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վրաց գործընկերների հետ քննարկվում է Ալբերտ Բլբուլյանին և Արմեն Կարադավիդովին Հայաստան տեղափոխելու ընթացակարգը: 

Սեպտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության փողոցում, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ, Ալբերտ Բլբուլյանը, Արմեն Կարադավիդովը և 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը «Մակարով» ատրճանակից և «ԱԿ» ինքնաձիգից կրակել էին երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, մեկը՝ վիրավորվել։
Սեպտեմբերի 15-ին որոշում էր կայացվել Ալբերտ Բլբուլյանին, Արմեն Կարադավիդովին և Ռաֆիկ Խաչատրյանին որպես մեղադրյալ ներգրավելու և հետախուզում հայտարարելու մասին: 
Սեպտեմբերի 22-ին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների համագործակցված և արդյունավետ գործողությունների շնորհիվ Ռաֆիկ Խաչատրյանը հայտնաբերվել է Կոտայքի մարզում ու բերման ենթարկվել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Ալբերտ Բլբուլյանի և Արմեն Կարադավիդովի հետախուզումը շարունակվում էր ողջ ծավալով ու մեծ ընդգրկումով:
Նախաքննությունը շարունակվում է: