ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հոկտեմբերի 30-ին մասնակցել են ԵՄ TAIEX գործիքի շրջանակում կազմակերպված աշխատաժողովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են PEER REVIEW խմբի եվրոպացի փորձագետների կողմից՝ Հայաստանում դատական համակարգի, քրեակատարողական ոլորտի բարեփոխումներին, ինչպես նաև խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վերաբերյալ ներկայացված առաջարկներն ու դիտարկումները՝ դրանցից որոշները 2018-2022 թվականների Իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրում ներառելու նպատակով։
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի կողմից իրականացված 2016 թվականի գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց, որ դիտորդների խումբը 13 տարի է, ինչ գործում է. «Սա այն եզակի ինստիտուտներից մեկն է, երբ արդարադատության նախարարության հետ կա ռեալ համագործակցության հարթակ»,-ասաց նա:
ՔԿՀ-ներում կոռուպցիոն դրսևորումների վերաբերյալ՝ զեկուցող Ռուբեն Սարգսյանը ներկայացրեց, որ համաձայն 2016 թվականի տվյալների՝ մեկ հանձնուքի գինը կազմում է 30 000-80 000 դրամ, այնինչ 2013 թվականին հանձնուքի միջին արժեքը կազմում էր 10 000-30 000 դրամ։ Վերջինս արձանագրեց, որ գների բարձարցումը հնարավոր է, որ պայմանավորված լինի գների ընդհանուր բարձրացմամբ:
Քննարկմանը զեկուցող Զարուհի Հովհաննիսյանը ներկայացրեց ՔԿՀ-ներում պահման պայմանները, գերբնակեցման խնդիրը: Նա նշեց, որ կա նաև սանհանգույցների, ջրի հասանելիության խնդիր և մասնավորեցրեց, որ ծորակները սանհանգույցների ներսում են, որը հիգիենիկ պայմանների տեսանկյունից խնդիր է: Նա նաև նշեց, որ սպիտակեղենն ապահովված չէ, կա գերբնակեցման հարց: «Արդյունքում`մենք ունենք թույլատրելի թիվը գերազանցող 1100-ից ավելի կալանավոր տարվա ընթացքում»,-ասաց նա:
Նա նաև նշեց, որ ՔԿՀ-ներում կա նաև սոցիալական անարդարություն: «Սոցիալապես ապահովված դատապարտյալները կարող են իրենց միջոցներով վերանորոգել և կահավորել իրենց խցերը»:
Քննարկմանը ներկա ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը` արձագանքելով նշված կոռուպցիոն դրսևորումներին, ասաց, որ կոռուպցիա կա և դրա մասին բոլորն էլ գիտեն: Մենք չենք կարող գնալ ամեն մեկի ձեռքից բռնել, բայց եթե վերացնենք կամ նվազեցնենք, այդ խնդիրը կվերանա։ Եթե ՔԿՀ-ների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման խնդիրը լուծենք, խնդիրը նվազագույնի կհասցվի»: