Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սամվել Բաբայանի և մյուս ամբաստանյալների գործով դատական նիստը: Ցուցմունք տալու հերթն այս անգամ Սամվել Բաբայանինն է, ով իրենց առաջադրված մեղադրանքի հետ կապված իր ցուցմունքում նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը, ըստ որի ինքը փողերի լվացմամբ է զբաղվել, իրականությանը չի համապատասխանում. «Ես գողություն չեմ արել, չեմ օժանդակել գողության, փող չեմ լվացել:  Ինձ պարտք են եղել 35 հազար ԱՄՆ դոլար և Մոսկվայից այն ուղարկել են»,- դատարանում հայտարարեց Բաբայանը՝ ներկայացնելով գումարի ստացման մեխանիզմը. «Ես զանգել եմ մի մարդու, խնդրել եմ, որ բերի, բայց ավտոբուսը փչացել է, չի ստացվել: Դրանից հետո դիմել եմ Քոչարյան Կարենին, ճշտել՝ կա՞ մարդ, ով կարա բերի, ասել ա՝ կա: Բերել ա հեռախոսի համար, ես էդ sms-ով ուղարկել եմ Մոսկվա՝ իմ ընկերոջը, ասել՝ գնա, էդ գումարը վերցրու, բեր տուր ավտոբուսի վարորդին: Մարդն էդ ամեն ինչը արել ա, բերել տվել ա էդ մարդկանց»,-դատարանում ասաց  Բաբայանը:

Ըստ Սամվել Բաբայանի՝ 35 հազար դոլարի մի մասը եվրոյով է վերադարձրել, սակայն եվրոները ներկված են եղել։ Նա փորձել է պարզել՝ հնարավո՞ր է դա մաքրել, թե՝ ոչ, փոխանակման կետում կարելի՞ է փոխանակել։ 

Նիստը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հետաքրքրվեց, թե ովքեր են եղել նրանք, կտա՞ անուններ, ինչին Բաբայանը պատասխանեց, որ դատարանում նստած ամբաստնայլաներից ոչ մեկին ինքը չի ճանաչում, բացի Կարեն Քոչարյանից. «Մի հատ 20-անոց եմ տվել «արանժըվի» գույնի: Ասել եմ՝ տար-ստուգի, տես գումար ա՞, թե չէ: Տարել ա, ստուգել, եկել, ասել ա՝ գումար ա: Ասել եմ՝ մի հատ քիմիկ գտի, տես հնարավոր ա՞ մաքրել, տարել, փորձել ա, բայց լրիվ չի մաքրվել: Հետո ես տվել եմ կարմիր լաքայով փողը, տարել ա, որ մաքրի ու վերջ. դրանից հետո էլ տեղյակ չեմ՝ ինչ ա կատարվում: Խնդիրը հետևյալն ա, որ ես ստեղ նստած որևիցե մեկին, Քոչարյան Կարենին չեմ դիմել, որ էդ գումարը փոխեն, փոխանակեն: «Վսեվո լիշ» ասել եմ, որ քիմիկ ճարեն, մաքրեն էդ կռասկան», - ասաց Բաբայանը:

Նրա խոսքով՝ փողերի լվացման գործը շոու է և ոչ մի ձև ապացուցված չէ, որ այդ գումարը լվացվել է: Բաբայանը պնդեց, որ այդ գումարն իրենն է ու իրեն փոխանցել են պարտքի դիմաց ու դրանից ինքը չի հրաժարվել: