ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մանկահասակ երեխային մանկապարտեզում պատանդ վերցնելու դեպքի առթիվ։

Այս մասին տեղեկացնում են  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

«2017 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մուտք է գործել Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող «Մանուշակ» մանկապարտեզ և պատանդ վերցրել մանկապարտեզի սան, 29.01.2015թ. ծնված տղա երեխային։ Տղամարդն իր մոտ գտնվող դանակի սպառնալիքով պատանդ է պահել երեխային՝ վերջինիս ազատելու համար պահանջելով հանդիպում կազմակերպել իր նախկին կնոջ հետ։ Վերջինս աշխատում է նույն մանկապարտեզում։ 

Իրավապահ մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հաջողվել է վնասազերծել ենթադրյալ հանցագործություն կատարած անձին եւ երեխային անվնաս ազատ արձակել։ Փոքրիկը վնասվածքներ չունի։
Զենքի գործադրմամբ ակնհայտ անչափահաս երեխային պատանդ վերցնելու դեպքի առթիվ հարուցել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով։ Քրեական գործը վարույթ է ընդունվել ՀԿԳ քննիչի կողմից»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀԳ. Հավելենք, որ քրեական օրենսգրքով, սույն արարքը սահմանում է պատիժ 6-ից 10 տարի ժամկետով: