ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ 21-րդ դարում Թուրքիայի կողմից նախապայմանների լեզվով խոսելը խոչընդոտում է խաղաղության ու համերաշխության հաստատմանը, բայց Հայաստանը շարունակում է դաշնակիցներ որոնել հարևան երկրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ փոխխոսնակը բարձրաձայնեց Էջմիածնում անցկացվող «Տարածաշրջանային խաղաղություն․ իրողություններ և հեռանկարներ» միջազգային համաժողովի ժամանակ, որին մասնակցում են խոսնակներ Իրանից, Վրաստանից, Ռուսաստանից ու Թուրքիայից։

«Պատահական չէ, որ այսօր էլ հարևան Թուրքիայում կան բազմաթիվ մտավորականներ, ովքեր առերեսվել են սեփական պատմության հետ, ովքեր ճանաչում են Օսմանյան կայսրության ամենաամոթալի էջերից մեկը՝ քրիստոնյա ժողովուրդների ու մասնավորապես հայ ժողովրդի ցեղասպանության փաստը։ Առանց առերեսվելու սեփական պատմությանը, ճշմարտությանն անհնար է զարգացում և խաղաղություն»,-ասաց Էդուարդ Շարմազանովը։

Նա հիշեցրեց, որ Թուրքիայի հետ հարաբերություններում Հայաստանի ջանքերը՝ հասնել առանց նախապայմանների խաղաղ հանգուցալուծման ու սահմանների բացման, չստացվեցին բացառապես այդ երկրի քաղաքական վերնախավի ժխտողական ու նախապայմաններ դնելու քաղաքականության պատճառով։