«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստան վերջին այցի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ոգեւորությամբ հայտարարել էր, թե ՀՀ-ՌԴ առեւտրաշրջանառությունն այս տարվա ութ ամիսներին աճել է 23.5 տոկոսով: Մեդվեդեւն էլ շտապել էր ուղղել նրան՝ ասելով, թե իր մոտ եղած թվերն «ավելի լավն են»՝ ապրանքաշրջանառությունն աճել է 30 տոկոսով, եւ խորհուրդ էր տվել այդ ցուցանիշն օգտագործել:

 

Բայց երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների սոցիալ-տնտեսական ցուցանիշները, եւ պարզ դարձավ, որ հատկապես ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառության ոլորտում լուրջ անկում է արձանագրվել. 9 ամիսների ընթացքում աճը կազմել է ընդամենը 15.1 տոկոս. եթե նախորդ տարվա ինը ամիսներին ՌԴ-ի հետ առեւտրաշրջանառությունը կազմել էր 1 մլրդ 057,4 մլն դոլար, ապա այս տարի այն ավելացել է ընդամենը 158.7 մլրդ-ով ու կազմել 1 մլրդ 216.2 մլն դոլար:

 

Համեմատության համար նշենք, որ ԵՄ երկրների հետ առեւտրաշրջանառության ծավալների աճն ավելի շատ է՝ 25.1 տոկոս: Ընդ որում, եթե դեպի ՌԴ արտահանման աճը 25.2 տոկոս է եղել (արտահանվել է 337.4 մլն դոլարի ապրանք), ապա ԵՄ անդամ երկրներ արտահանումն աճել է 33.8 տոկոսով (արտահանվել է 462.9 մլն դոլարի արտադրանք): Բայց ԱՎԾ երեկվա հրապարակումներում ամենամտահոգիչը մեկ այլ ցուցանիշ էր. Հայաստանի ժողովրդագրական վիճակն այլեւս դարձել է ազգային անվտանգության սպառնալիք. միայն վերջին հինգ տարվա ընթացքում մշտական բնակչության թիվը նվազել է 302.4 հազարով: Իսկ ծնելիության, բնական հավելաճի ցուցանիշները 2017-ին վերջին հինգ տարվա ընթացքում ամենացածրն են, չնայած իշխանություններն այս առումով միանգամայն այլ խոստումներ էին տվել»:

 

Առավել մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրա համարում: