Եվրասիական տնտեսական միությունը, լինելով ինտեգրացիայի բարձր ձև, կոչված է նպաստելու ազգային տնտեսությունների մրցակցության և արտադրողականության ավելացմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական Вести-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«2016 թվականից Հայաստանի տնտեսության վիճակը կայունացել է, մենք ավարտել ենք տարին թեկուզև փոքր, բայց աճով: Այս տարվա 8 ամսվա ընթացքում մենք ունենք տնտեսական ակտիվության շուրջ 6 տոկոս ինդեքս, ինչը նշանակում է, որ մենք ունենք տնտեսության մոտ 5 տոկոս աճ: Ընդ որում, բարելավվում է տնտեսության կառուցվածքը: Դա, իհարկե, շատ լավ է: Այս տարվա 8 ամսվա ընթացքում մենք ԵԱՏՄ երկրների շուկա ենք մատակարարել 35 տոկոսով ավելի ապրանք, քան նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածում: ԵԱՏՄ երկրների ամբողջական առևտրաշրջանառությունը երրորդ երկրների հետ ավելացել է ավելի քան 25 տոկոսով»,- հայտարարել է ՀՀ Նախագահը՝ նշելով, որ նման տնտեսական ցուցանիշներն, իհարկե, ուրախացնող են: Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ երկրների ղեկավարները համակարծիք են շարունակելու համառ աշխատանքները տնտեսական արգելքների վերացման ուղղությամբ:

«Իհարկե, խոչընդոտներ կան: Չի կարելի այդքան արագ ակնկալել ոչ միայն ԵԱՏՄ-ի, այլևս ցանկացած այլ լուրջ կազմակերպության կայացումը: Սակայն ես վստահ եմ, որ մենք մեծ հեռանկարներ ունենք և հավատում ենք, որ ԵԱՏՄ-ն կվերածվի հաջողության պատմության»,- հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը: Նա հայտնել է, որ իրենց հիմնական խնդիրը ԵԱՏՄ-ում այնպիսի մթնոլորտ ստեղծելն է, որտեղ ազատ շրջանառվում են ապրանքները, ծառայությունները, կապիտալն ու աշխատուժը:

«Այն հաջողությունները, որոնք երևում են այս 3 տարիների աշխատանքի ընթացքում, խոսում են այն մասին, որ ընտրությունը ճիշտ էր: Իհարկե, տնտեսական իրադրությունը մեր երկրներում նվազեցրել է սպասելի արդյունքը, սակայն դա արդեն այլ հարց է: Մեր բոլորի՝ թե մեծ, թե փոքր տնտեսությունները կախված են համաշխարհային միտումներից: Հետևաբար, կարծում եմ, աշխատանքը հաջող է ընթանում»,- ընդգծել է ՀՀ Նախագահը: