Հայաստանի զինուժը մեր պետության ամենակարևոր ատրիբուտներից է, այն կոչված է պաշտպանելու մեր ժողովրդի ինքնիշխանությունն ու անվտանգությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական Вести-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեր զինված ուժերը վատ չեն զինված նյութատեխնիկական առումով, իրենց տնօրինության տակ ունեն ժամանակակից զինտեխնիկայի լուրջ օրինակներ, հագեցած են բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող սպաներով: Սակայն սա չի նշանակում, որ մեր զինուժը չպետք է զարգանա զորքերի կառավարման, սպառազինության արդիականացման տեսանկյունից»,- ասել է ՀՀ Նախագահը:

Նա ընդգծել է, որ հենց զինված ուժերի մոդեռնիզացիայի համար էլ հայկական կողմը դիմել է Ռուսաստանին՝ խնդրելով տրամադրել վարկ՝ ձեռք բերելու նոր, ժամանակակից սպառազինության օրինակներ:

«Մենք ոչ ոքի չենք սպառնում, մենք ապահովում ենք մեր երկրի անվտանգությունը: Հայաստանի զինված ուժերը համարվում են Հայաստանի անվտանգության առաջին երաշխավորը: Սակայն ժամանակակից աշխարհում ոչ մի երկիր ի վիճակի չէ ամբողջությամբ միայնակ ապահովել իր ազգային անվտանգությունը, հետևաբար երկրները մտնում են միությունների մեջ»,- նշել է Սերժ Սարգսյանը: Նա հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է կազմակերպության ստեղծման առաջին իսկ օրվանից:

Նա բնական է համարել այն, որ ՀԱՊԿ շրջանակում մշակվում են հավաքական պաշտպանության անվտանգության հարցեր: Եվ դա դրսևորվում է տարբեր ձևերով, այդ թվում և զորավարժությունների անցկացման միջոցով:

«Այս տարի Հայաստանի տարածքում տեղի ունեցավ «Մարտական եղբայրություն 2017» անունը կրող մեծ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների մի մասը: Մեզ մոտ անցկացվող փուլը կոչվում էր «Փոխգործակցություն-2017», մասնակցում էին ՀԱՊԿ բոլոր անդամ-երկրները: Զորավարժություններին ներգրավված էր ՀԱՊԿ անդամ պետությունների ավելի քան 2500 զինծառայող, շուրջ 500 միավոր սպառազինություն և ռազմական տեխնիկա, մինչև 23 ավիացիոն միջոցներ և թռչող սարքեր: Զորավարժությունները հաջող անցան: Դրանք ապացուցեցին, որ իրականում այն աշխատանքը, որը մենք անում ենք, արվում է միայն ի օգուտ մեր երկրների»,- հայտարարել է ՀՀ Նախագահը: