Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման նպատակահարմարություն չի տեսնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանն ընդգծեց, որ դեմ է ՀՀ-ում նման ինստիտուտ ձևավորելու գաղափարին և դրա անհրաժեշտությունը չի տեսնում: «Ես դեմ եմ մի ինստիտուտի ձևավորմանը, որը կրկնելու է Սահմանադրության պահանջով ձևավորված մեկ այլ ինստիտուտի լիազորությունները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Թաթոյանը:

Նա ընդգծեց, որ բիզնես օմբուդսմենի ինստիտուտը, որի ձևավորման անհրաժեշտության մասին խոսում են որոշ անձինք, կրկնելու է մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, ուստի նման ինստիտուտ ձևավորելը նպատակահարմար չէ և դրա անհրաժեշտությունը չկա:

Արման Թաթոյանը նշեց, որ կողմ է սահմանադրական ցանկացած մարմնի ձևավորմանը, որը չի կրկնում մեկ այլ մարմնի կամ ինստիտուտի գործառույթներն ու լիազորությունները: