Դատելով վերջին վիճակագրական տվյալներից` մարդիկ Հայաստանից արագ տեմպերով շարունակում են ոչ միայն հեռանալ, այլև նույն հապճեպությամբ դուրս բերել իրենց ֆինանսական միջոցները: Ամենաթարմ վիճակագրությունը փաստում է, որ միայն մասնավոր տրանսվերտների արտահոսքի տեսքով Հայաստանից այս տարի մոտ 700 մլն դոլար փող է հոսել արտերկիր` նախորդ տարվա 565 մլն դոլարի դիմաց: Ինչ վերաբերում է դրսից Հայաստան փոխանցվող փողի ծավալին,ապա այստեղ թեպետ նույնպես որոշակի աճ կա, սակայն, ֆինասնաերի ներհոսքի ու արտահոսքի միջև համեմատությունը ցույց է տալիս, որ արտհոսքն անհամեմատ ավելին է,քան դրսից փոխանցվող գումարները (զուտ ներհոսքը կազմել է մոտ 500 մլն): Համաձայնե՛ք` ավելի քան տխուր պատկեր:

Ի՞նչ է տեղի ունենում: Ըստ էության` տեղի է ունենում հետևյալը` հայաստանաբնակ հարուստները, որոնց ձեռքին ռեալ փող կա, իրենց կապիտալը ոչ այնքան դանդաղ տեմպերով դուրս են բերում երկրից, իսկ տեղի բնակչությունն էլ մնում է դրսից փոխանցվող փողի հույսին: Այսինքն` արարող հասարակությունից հայ հասարակույունը արագորեն վերածվում է միայն սպառող զանգվածի, ինչը հղի է ուղղակի կատաստրոֆիկ հետևանքներով. Հասարակության այն մասը, որը կարող էր հիմք դառնալ երկրի զարգացման, իր ու իր երեխաների ապագան տեսնում է Հայաստանից դուրս, ինչն էլ ստիպում է այդ շերտին սեփական կահ-կարասին սուս-փուս Հայաստանից տեղափոխել ավելի հուսալի երկրներ` փաստացի թողնելով երկիրը բացառապես խոպանչիների հույսին` հայոց պետականության համար դրանից բխող բոլոր դառը հետևանքներով հանդերձ:

Թե ինչպես կարելի է շտկել այս իրավիճակը, թերևս, շատ է խոսվել. հարկավոր է վերանայել երկրում հաստատված խաղի կանոնները բառիս ամենալայն իմաստով: Առանց այն էլ զուտ օբյեկտիվորեն Հայաստանը մրցունակ երկիր չէ ոչ միայն դրսի,այլև ներսի ներդրողի համար,իսկ երբ այդ օբյեկտիվ պատճառներին գումարվում է նաև այն սուբյեկտիվ իրավիճակը, որ այսօր ստեղծվել է երկրում, հասկանալի է դառնում, որ ամեն բան կարող է շատ ավելի վատ վերջանալ, քան ոմանց թվում է: Երկիրը բոլորիս աչքի առաջ հյուծվում է, պատկերավոր ասած` ունեզրկվում, իսկ թե մինչև երբ այսպես, մնում է միայն ենթադրել…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ