Այսօր խորհրդարանում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ 2018 թ. բյուջեի նախագծով փրկարար ծառայության պահպանման համար հատկացված 7 միլիարդ 430 միլիոն 198 հազար դրամի 89 տոկոսը կազմել է փրկարար ծառայությունների աշխատողների աշխատավարձը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանը Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե նախարարությունն ինչպես է զարգանում, եթե ծախսերի 90 տոկոսն ուղղված է աշխատավարձերին: ԱԻ նախարարն ի պատասխան  նշեց, որ աշխատավարձերի թիվը պայմանավորված է անձնակազմի թվաքանակով, քանի որ 24 ժամվա ընթացքում չորս հերթափոխային ծառայություն է իրականացվում:

Դավիթ Տոնոյանն իր խոսքում անդրադարձել էր նաև միջազգային համագործակցություններին: Միհրան Պողոսյանն էլ հետաքրքրվեց, թե ՌԴ-ի հետ համագործակցությունն ինչպե՞ս է ընթանում, ի՞նչ ռեսուրսների մասին է խոսքը և ի՞նչ պարտավորություններ ունի հայկական կողմը:

«Զարգացումն ապահովում ենք արհեստավարժ ծառայության և միջազգային համագործակցության շնորհիվ: ՌԴ հետ համագործակցության արդյունքում 16 մլն դրամի ներդրումներով ձեռք են բերվում հիմնականում հրդեհաշիջման, տեխնիկական միջոցներ, փրկարարական ժամանակակից տեխնիկա: 2019 թ.-ին մոտ 15 մլն դոլարին համարժեք տեխնիկա ստանալու ենք հայ-ճապոնական համագործակցության արդյունքում, նորից ձեռք ենք բերելու հրդեհաշիջման ժամանակակից տեխնիկա»,- ասաց ԱԻ նախարարը:

Միհրան Պողոսյանը, սակայն, նկատեց՝ չի՞ կարծում, որ պետք է կադրերի օպտիմալիզացիայի խնդիր լուծել, քանի որ համակարգը լճացած է կադրերով և պետք է աշխատավարձի ֆոնդը օպտիմալ օգտագործել նախարարության համար, ԱԻ նախարարը պատասխանեց.

«Լճացումը թարմացվում է, կրճատումների արդյունքում օպտիմալիզացիան իրականացվում է, և մենք այդ միջոցներն ուղղում ենք արդիականացմանը»,- նշեց նա: