Նոյեմբերի 2-ին «ԱՊՀ երկրների երիտասարդական միություն»-ը և Տուրիզմի հայկական ինստիտուտ, Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի մասնաճյուղի միջև համաձայնագիր է ստորագրվել, որով նախատեսվում է տուրիզմի ոլորտում լավագույն մասնագետների պատրաստում և վերապատրաստում իրականացնել:

Նույն օրը նմանատիպ մի համաձայնագիր էլ ԱՊՀ երկրների երիտասարդական միությունը ստորագրեց ՀԱՊԿ և Եվրազես ակադեմիայի միջև:

Համաձայնագրերը ստորագրեցին ԱՊՀ երկրների երիտասարդական միության կառավարման խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը, Տուրիզմի հայկական ինստիտուտ, Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը և ՀԱՊԿ և Եվրազես ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ԱՊՀ երկրների երիտասարդական միության կառավարման խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանն ասաց, որ նախատեսված է 2018 թվականին ՌԴ-ից շուրջ 1 միլիոն տուրիստ ընդունել ՀՀ-ում, իսկ այդ խոշորամասշտաբ ծրագիրն իրականացնելու համար Հայաստանը դեռևս չունի բավարար պայմաններ, ոլորտի մասնագետներ. «Մեր նպատակն է համապատասխան մասնագետներ պատրաստել, որպեսզի կարողանանք հավուր պատշաճի դիմավորել, ընդունել զբոսաշրջիկներին: Միայն տուրիզմի լավ մասնագետներ ունենալու դեպքում Հայաստան եկած զբոսաշրջիկը մեր երկրից կհեռանա լավ տպավորություններով, և ցանկություն կունենա շարունակական կերպով մեր երկրում հանգիստն անցկացնել:

Այսօրվանից անցնում ենք հստակ գործողությունների, 2018-ին սկսում ենք լայնամասշտաբ մի ծրագիր, որը կոչել ենք «Ուրախ Հայաստան» և աշխարհին մեր երկիրը ներկայացնելու ենք որպես ուրախ երկրիր: Կան հստակ պայմանավորվածություններ՝ ՌԴ գրեթե բոլոր մարզերի հետ, որոնցից յուրաքանչյուրը շուրջ 20.000 զբոսաշրջիկի ուղղորդելու է Հայաստան»,- ասաց Նիկողոսյանը:

Ռեկտոր Մհեր Շահգելդյանն էլ, ՀԱՊԿ և Եվրազես ակադեմիայի անունից ստորագրելով համաձայնագիրն, ասաց, որ պատրաստ են լծվելու հայրենասիրական այս գործին, քանի որ տնտեսության զարգացման և մեր մշակույթը տարածելու գործում էական դեր կունենա այդ մեկ միլիոն զբոսաշրջիկի այցը Հայաստան: «Նրանց լավագույնս ընդունելով, մենք պետք է կարողանանք այդ մարդկանց դարձնել մերը, մեր երկիրը սիրող, մեզ հասկացող և, եթե կարողանանք այս ծրագիրը շարունակել, ապա Հայաստանը բազմաթիվ հաջողություններ կարձանագրի»,- ասաց Շահգելդյանը:

Տուրիզմի հայկական ինստիտուտ, Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նախատեսվում է տարբեր ուղղություններով ծրագրերի մշակում, կադրերի պատրաստում և վերապատրաստում իրականացնել: Ակադեմիան հատուկ ռուսական շուկայի համար անգամ փաթեթ է կազմել. «Կյանքը գնում է առաջ, նոր մարդիկ են պետք, նոր ծրագրեր, նոր՝ թիրախավորված փաթեթներ, պատրաստված կադրեր, ովքեր տուրիստի հետ իր լեզվով կխոսեն, գիտելիքների բարձր մակարդակի բազա կունենան: Միայն այս դեպքում մենք կկարողանանք խոսել մեկ միլիոն զբոսաշրջիկի Հայաստան բերելու մասին»,- ասաց Մինասյանը: Մեր հաջորդ դիտարկմանը, թե այսօր, փաստորեն, չունե՞նք այդ մասնագետները, պարոն Մինասյանն ասաց. «Ոչ թե մասնագետներ չկան՝ կա՛ն, բայց շատ կարևոր է վերապատրաստումը, վերաորակավորումը: Եթե ամեն ինչ այդքան լավ լիներ, ուրեմն ոչ մի ուսուցում անելու կարիք չէր զգացվի, ամեն ինչը Հայաստանում լավ կլիներ»: