«Նարեկացի» արվեստի միությունը, վերսկսելով «Արվեստանոց» ուսուցողական ծրագիրը, սիրով հյուրընկալել էր բազմաթիվ փոքրիկների և պատանիների: Այս անգամ հանդիպման հյուրերն էին «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը, «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը և ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը, մարդիկ, ովքեր իրենց ուժերի սահմանում փորձում են աշխարհն ավելի բարի դարձնել...

Հանդիպումը կրում էր «Մանկություն» խորագիրը, որը ջերմ հանդիպման և զրույցի վերածվեց: Հյուրերը հիշեցին իրենց մանկության ամենահետաքրքիր, կարևոր, տխուր և ուրախ պատմությունները:

-Իմ մանկության ամենակարևոր հանդիպումը եղել է Լեոնիդ Ենգիբարյանի հետ: Իմ երազանքն էր դառնալ ծաղրածու, և այն րոպեները, որ ես անցկացրի նրա հետ, ինձ մեծ ներուժ տվեցին, և այնպիսի տպավորություններով հրաժեշտ տվեցի նրան, որ ամբողջ կյանքում չեմ մոռանա..., -իր հիշողություններով կիսվեց Հրանտ Թոխատյանը, իսկ Արմինե Հովհաննիսյանը պատմեց, թե ինչքա՜ն շատ է ցանկացել դպրոց գնալ, ինչպես է օգնել հայ դասընկերներին ԱՄՆ-ում, ովքեր անգլերեն չեն իմացել և չարաճճի են եղել, ինչպես է եկել այն մտքին, որ պետք է օգնի մարդկանց...

Երեխաները լսում էին ու պատրաստվում զրույցին: Մինչ զրույցի մեկնարկը, Նարեկ Հարությունյանը պատմեց

Հայաստան առաջին անգամ ժամանելու, ինչպես նաև իր առաջին տպավորությունների մասին.

-Երբ առաջին անգամ եկա Հայաստան և բակ իջա, որ վերջապես խաղամ իմ հայրենակից տղաների հետ, ինձ ասեցին, որ պետք է կռվեմ տղաներից մեկի հետ ու, եթե նրան հաղթեմ, նոր կկարողանամ խաղալ իրենց հետ: Ես համաձայնեցի պայմանին ու տեսա, որ պետք է կռվեմ ինձնից ֆիզիկապես մեծ տղայի հետ, բայց ցանկությունս այնքան մեծ էր, որ հաղթեցի և խաղացի նրանց հետ: Ես ուզում եմ ասել, որ կարևորը ցանկությունն է, և ձեր մոտ ամեն ինչ կստացվի...

Վերջում սկսվեց զրույց քննարկում, որի ընթացքում ներկաները հնչեցրին հարցեր, ստացան պատասխաններ, լավ խորհուրդներ ու դրական տպավորություններ, իսկ փոքրիկների աչքերը փայլում էին...