Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետություն աշխատանքային այցի առաջին օրն ավարտվել է երեկոյան հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ: Ուշագրավ է այն հանգամանքը, որ նախագահի կողմից հանդիպման ընթացքում հնչեցրած շեշտադրումները համընկնում էին Շվեյցարիայի հայ համայնքի, այնուհետև նաև Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի ուսանողների հետ նրա անկեղծ զրույցի ժամանակ հնչեցրած հիմնական մտքերին: Այն է՝ պետք է միասնական լինենք, քանի որ մարտահրավերները շատ են, Արցախի հարցն էլ ցավոտ լուծում է ունենալու: Երբ երկրի նախագահը երկու ամսվա ընթացքում երրորդ անգամ է բարձրաձայնում ցավոտ լուծումների հարցը, հասկանալի է դառնում, որ այդ լուծումները քիչ թե շատ ուրվագծվել են, չնայած որ Արցախյան հակամարտութան շուրջ տարվող բանակցությունները հուշում են հակառակի մասին: Օրեցօր նվազում է կողմերի միջև որևէ համաձայնության հասնելու հնարավորությունը: Բայց հանրությունն ամեն ինչի մասին չէ, որ տեղեկացված է: Վերջին շրջանում նախագահի պահվածքը նման է հասարակությանն առնվազն հոգեբանորեն նախապատրաստելուն:
 
Դժվար չէ կռահել, թե ինչու է ցավոտ լուծումների թեման Սարգսյանը բարձրաձայնում հենց հայկական գաղթօղջախներում: Եթե տարածքային զիջումները մտնեն օրակարգ, դրանց առաջին հակազդողները լինելու են հենց սփյուռքից, քանի որ վերջին շրջանում, հատկապես հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, սփյուռքը հակված չէ վստահելու և հալած յուղի պես ընդունելու Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական նախաձեռնությունները: Իսկ այս պարագայում հարցը վերաբերվում է սփյուռքի համար անչափ ցավոտ՝ Արցախի խնդրին: Ոչ մի թիզ հող չհանձնելու պահանջը մշտապես ավելի հնչեղ է եղել հենց հայկական գաղթօջախներից, դա է պատճառը, որ Սարգսյանն այսօր փորձում է հող շոշափել, հասկանալ ինչպիսին կարող է լինել արձագանքը, եթե ի վերջո ցավոտ լուծումները դառնան հակամարտության կարգավորման միակ տարբերակ: Այլ հարց է , թե ինչ ցավոտ լուծումների մասին է խոսում նախագահը: Բնավ էլ պարտադիր չէ, որ դրանք վերաբերվեն տարածքային զիջումներին:
 
Օրինակ՝ եթե հերթական անգամ հարված ստանա Հայաստանի եվրաինտեգրացիան, դա ցա՞վ է, թե՞ ոչ: Կամ՝ եթե, օրինակ, իրականություն չդառնան, այսպես ասած, ներդրողների ակումբի ռուսաստանահայ գործարարների ներդրումները, դա Հայաստանի համար տնտեսական ցա՞վ է, թե՞ ոչ: Անկախության ողջ ընթացքում շրջափակումը, դեմոգրաֆիկ ճգնաժամը, տնտեսական անկումը, հազարավոր կյանքերը սահմանին ինչո՞ւ են այնքան էժան գնահատվում, որ լրացուցիչ «ցավոտ փոխզիջումների» հարց է բարձրացվում: Այն, որ Արցախի հակամարտությունն ունի լուծում, հստակ է, որ այդ լուծումը պետք է լինի փոխզիջումների հիման վրա, դրա մասին խոսել է թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Հեյդար Ալիևը, նույնիսկ Իլհամ Ալիևն է խոսում դրա մասին։ Այո, ցանկացած փոխզիջում լինում է ցավոտ, բայց թե դա ինչումն է կայանալու, դրա մասին մոտեցումները տարբեր են:
 
Հասկանալի է, որ տարածք հանձնող հանրապետական իշխանությունը երկար չի գոյատևի: Սա քաջ գիտակցում է նաև Սերժ Սարգսյանը: Նման զիջումները ցավոտ են լինելու առաջին հերթին հենց իշխանությունների համար: Արցախի հարցով նման հայտարարություններն արդյունք են այն բանի, որ չկա խնդրի կարգավորման միասնական մոտեցում հայ հասարակության շրջանում: Առանց կոնկրետացնելու նման ձեւակերպումները նախեւառաջ հասարակության վերաբերմունքը հստակեցնելու նպատակ են հետապնդում: Այս պահին պետք է կանգ առնել, բանակցություններում վերցնել թայմ-աութ եւ հասարակության հետ գնալ պարզ խոսակցությունների՝ ձեւավորելով խնդրի շուրջ ընդհանուր կոնցեպտ, թե ինչպես ենք պատկերացնում խնդրի կարգավորումը, ինչն էլ անում է Սերժ Սարգսյանը:
 
 
Ստելլա Խաչատրյան