Ազգային ժողովում այսօր շարունակվում են 2018 թ.-ի բյուջեի նախագծի նախնական քննարկումները:

Առողջապահության նախարար Լևոն Մկրտչյանը նախանշեց այն բոլոր ուղիները, որտեղ օգտագործվելու են պետբյուջեի հատկացումները:

ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախարարից հետաքրքրվեց` նախարարությունն ի՞նչ է անում, որպեսզի, օրինակ, սրտի ստենտավորման պետպատվերի համար հատկացվող պետական գումարները հավասարաչափ բաշխվեն, ոչ թե ստացվի այնպես, որ «տերովին տերը տանի, անտերին՝ գելը»:

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Լևոն Ալթունյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը երբեք էլ չի հայտարարել, որ ցանկացած ստենտավորում անվճար է: «Սրտի ստենտավորման ծառայություններն ընթանում են պետպատվերի հաշվին, մենք ունենք 1500 պետպատվեր սրտի ստենտավորման համար, սակայն ստենտավորման կարիք ունեցողների քանակն ավելի շատ է»,-ասաց նախարարը՝ նշելով, որ առաջին հերթին ստենտավորում են այն մարդկանց, որոնց կյանքին վտանգ է սպառնում:

Փաշինյանը նաև փորձեց հասկանալ, թե ինչո՞ւ է նախարարության ծրագրից հանվել անպտուղ զույգերի արհեստական բեղմնավորման ծրագիրը՝ հավելելով, որ ծրագիրը ոչ թե պետք է հանվեր, այլ հակառակը՝ պետք է ավելացվեին դրանց տրվող գումարները: «Անպտուղ զույգերին ուղղվող օգնությունը ևս հանվել է ծրագրի սղությունից ու անհնարինությունից ելնելով: Տրված գումարը քիչ է, բաշխվում է սուբյեկտիվ ու արդյունավետ չէ»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ հիմա քննարկվում են բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք կարող են ավելի արդյունավետ լինել:

Նշենք, որ 2017 թվականի բյուջով անպտուղ ընտանիքներին օժանդակելու համար բյուջեից հատկացվել է 78 մլն դրամ: