Երեկ Հայաստանի 69 համայնքներում ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցել է ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների 50,06 %-ը։ Համայնքի ղեկավար ընտրող 52 համայնքներից կեսում` 26-ում, առաջադրված էր մեկական թեկնածու: Երբ չկա մրցակցություն, տեսակետների բախում, ապա ընտրությունները, որպես ինստիտուտ, արժեզրկվում են, վերածվում իշխանության պարտադրանքի: Եթե հասարակության կեսը ընտրակաշառքի կամ սպառնալիքի հետևանքով տրվում է իշխանության պարտադրանքին, ըստ էության` կորցնում է իր քաղաքացիական դիմագիծը, վարժվում է վարքագծի, արժեհամարգի` քաղաքական գործոնների համատեքստից դուրս: Հայաստանում հետևողականորեն ոչնչացվում են քաղաքականությունն ու դրա հետ կապված ինստիտուտները, արժեքները: Երկրում տեղի է ունենում սովետական կառավարման ռեստավրացիա` արագ տեմպերով, քաղաքականության վերացման հաշվին:
 
Երևանի ավագանու ընտրությունները չհաշված` սրանք, ըստ էության, առաջին տեղական ընտրություններն են նոր խորհրդարանի ձևավորումից, հարաբերականորեն նոր ներքաղաքական ստատուս-քվոյի ձևավորումից հետո: Երբ ընդդիմությունը բացակայում է այս ընտրություններից, դա խորհրդանշական է այն առումով, որ, ըստ էության, բացահայտում է իրական այլընտրանքի բացակայությունը Հայաստանում: Ընդդիմադիր հավակնոտ և բոցավառ ելույթները խորհրդարանական ամբիոնից ոչինչ չարժեն, երբ ամեն մի նոր ընտրություն ավելի է օտարում հասարակությանը քաղաքականությունից: Անշուշտ, ընդդիմությունը տասնյակ հիմնավոր պատճառներ կարող է բերել, թե ինչու էր բացակա ընտրություններից, սակայն դրանցից և որևէ մեկը, մեծ հաշվով, չի կարող արդարացնել ընդդիմադիրների ծուլությունն ու անտաղանդությունը: Մեկ անգամ ևս ապացուցվեց, որ ՏԻՄ ընտրությունները Հայաստանում քաղաքականացված չեն, պարզապես՝ տեղական իշխանությունների միջեւ ուժեղացել է «թայֆայական» պայքարը եւ տեղափոխվել տեղական մակարդակ:
 
Եթե մի քանի տարի առաջ ՏԻՄ ընտրությունների ժամանակ թեկնածուն պետք է անպայման լիներ թաղային հեղինակություն եւ համապետական ընտրությունների ժամանակ վերեւների համար ապահովեր անհրաժեշտ օգնություն, ապա հիմա դա էլ բավական չէ. այժմ ուղղահայացը կենտրոնից դեպի տեղական մարմիններ՝ ուժեղանում է եւ անհրաժեշտություն է առաջանում, որ Տեղական ինքնակառավարման մարմինները հենակետ լինեն իշխանության մեջ գտնվող այս կամ այն խմբավորման համար: Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջադրած թեկնածուները, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով՝ հաղթել են Ապարան, Արտաշատ, Կապան, Քաջարան, Ալավերդի, Ստեփանավան համայնքներում: Դրա վառ վկայությունն է Գորիսում արձանագրված արդյունքները: Այստեղ քաղաքապետ ընտրվեց քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, 26-ամյա Առուշ Առուշանյանը: Նա հաղթել է  գրեթե 100% ձայնով (90.9%): Ընտրությանը մասնակցել է 13 164 քաղաքացի, որից 12 945-ը քվեարկել է Առուշ Առուշանյանի օգտին: Սամվել Հարությունյանի օգտին քվեարկել է 56 ընտրող, իսկ 163 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Սա նշանակում է, որ գործ ունենք 2 իրավիճակի հետ՝ կամ Գորիսը փոքրիկ «Սովետական Հայաստան է»՝ իր ընտրական ողջ ներկապնակով ու ժառանգությամբ, կամ Գորիսի ընտրողներն Առուշանյանի մեջ «փրկիչ» են տեսնում, ինչը քիչ հավանական է:
 
Արդյո՞ք ՏԻՄ ընտրությունները կարելի է քաղաքական գործընթաց համարել։ Ձեւականորեն` այո, բայց իրականում՝ այդ ամենն առանձնապես կապ չունի ներքաղաքական պայքարի հետ։ Գյուղական համայնքներում, օրինակ, ընտրողների մտքով էլ չի անցնում, որ իրենք ընտրություն են կատարում այս կամ այն կուսակցության միջեւ։ Ավելին` որոշ հեռավոր գյուղերում մարդիկ «հիմնական քաղաքական ուժերի» անունները երեւի չեն էլ լսել, ու շատ-շատ` միայն գործող գյուղապետը տեղյակ լինի, որ ինքը ՀՀԿ անդամ է։ Նման համայնքներում՝ մարդիկ, որպես կանոն, ընտրություն են կատարում, ասենք, Պողոսի եւ Պետրոսի միջեւ, եւ ում կողմնակիցները շատ են` նա էլ հաղթում է (ընդ որում` կողմնակիցներ «շատացնել» կարելի է նաեւ ընտրակաշառքով, սպառնալիքներով, խոստումներով եւ այլն)։ Սա, համաձայնե՛ք՝ ոչ մի կապ չունի կուսակցությունների միջեւ մրցակցության հետ։ Իսկ ավելի խոշոր համայնքներում ՏԻՄ «ընտրություններն» ավելի շատ կրիմինալ ռազբորկաներ են հիշեցնում։
 
 
Ստելլա Խաչատրյան