Գիտության ոլորտում օպտիմալացման և կառուցվածքային բարեփոխումների ծրագիրը Հայաստանում գիտնականների թվի կրճատում չի ենթադրում: Ազգային ժողովում ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ պատասխանելով ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հարցին:

«Խոսք կարող է գնալ կառուցվածքային լուծումների մասին, այսինքն՝ խոշորացումներ, բայց ոչ երբեք գիտնականների թվի կրճատմանը: Դա երբեք չի կարող լինել: Դա կնշանակի, որ մենք կարող ենք գիտական ոլորտը վերացնել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մկրտչյանը:

Նա հավելեց, որ կառուցվածքային փոփոխություններ կարող են լինել: Նրա խոսքով՝ առաջին հերթին հարկավոր է համալսարանների, գիտական հիմնարկների, գիտությունների ազգային ակադեմիայի և նաև բիզնեսի միջև ճիշտ հարաբերություններ հաստատել: