Գործարարների շփումը հեշտացնելու, հատկապես զբոսաշրջային հոսքեր ներգրավելու նպատակով Հայաստանը Հնդկաստանի քաղաքացիների համար շուտով դյուրացնելու է մուտքի արտոնագրերի ստացումը: Այս մասին հնդկական «DD news»-ին տված հարցազրույցում նշել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ լրագրողի հարցադրմանը' կապված Հնդկաստանի և Հայաստանի միջև ուղիղ օդային հաղորդակցություն ունենալու հնարավորության հետ:

«Մենք այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք, Հայաստանում ազատականացրել ենք օդային տարածքը: Հնդկական ավիաընկերությունները կարող են չվերթներ իրականացնել Նյու Դելի-Երևան ուղղությամբ, ինչպես նաև Երևանից աշխարհի այլ մասեր: Մյուս կողմից Հնդկաստանում պետք է հսկայական աշխատանք տանենք Հայաստանի ճանաչելիությունը բարձրացնելու համար: Ինչ-որ չափով արդեն սկսել ենք այդ աշխատանքը, Հայաստան են այցելել տուրիստական գործակալությունների, գործարար միությունների ներկայացուցիչներ: Արդեն հնդիկ կինեմատոգրաֆիստների կողմից նկարվել է առաջին ֆիլմը Հայաստանում: Այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում երկրորդ ֆիլմը նկարելու համար: Դրանք գեղարվեստական ֆիլմեր են, բայց հնդկացիների համար տեսանելի կլինեն Հայաստանի տեսարժան վայրերը, բնությունը: Համոզված եմ, որ տեսանելի ապագայում ունենալու ենք օդային հաղորդակցություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է նախագահը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի հրավերով նոյեմբերի 2-ին աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան: Այցի շրջանակներում Նախագահը հանդիպումներ է ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության՝ վարչապետ Նարենդրա Մոդիի, նախագահ Ռամ Նաթ Քովինդի և փոխնախագահ Վենկայա Նայդուի հետ: Հանրապետության Նախագահը մասնակցել է «Համաշխարհային պարեն. Հնդկաստան-2017» համաժողովի լիագումար նիստին և դրա շրջանակներում նախատեսված նույն խորագրով միջազգային սննդարդյունաբերության ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցել նաև Հնդկաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: