Կառավարության նոյեմբերի 9-ի նիստին ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գործադիրի հավանությանը կներկայացնի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում և ՀՀ քրեական, քաղաքացիական և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է խստացնել փողերի լվացման դեմ պայքարը:

Որպես պայքարի միջոց՝ առաջարկվում է հատկապես ուշադրության կենտրոնում պահել անշարժ գույքի շուկան: Մասնավորապես, 50 միլիոն դրամը գերազանցող առքուվաճառքի գործարքների դեպքում ոստիկանությունն առաջարկում  է արգելել գերազանցող գումարի մասով կանխիկ եղանակով վճարում իրականացնելը:
 
Կանխիկի շրջանառությունը սահմանափակելով՝ Հայաստանում, փաստորեն, այլևս անհնար կլինի կանխիկ գործարք կատարել՝ «սղղացնելով» լվացած փողերը, իսկ այդպիսի դեպքերը մեր երկրում շատ են, ավելին՝ ըստ ոստիկանության հիմնավորման՝  50 միլիոն ՀՀ դրամ և ավել արժողությամբ անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների շուրջ 80 տոկոսը կնքվում է հենց մայրաքաղաք Երևանում:  
 
Անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների դեպքում կանխիկ եղանակով վճարում իրականացնելու սահմանափակման համար 50 միլիոն ՀՀ դրամի սահմանաչափի նախատեսման հիմքում ընկած են նոտարների և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 2015-2016թթ. անշարժ գույքի գործարքների վերաբերյալ ներկայացված հաշվետվությունների տվյալների հիման վրա իրականացված վերլուծության արդյունքները: 
 
Նշենք, ոստիկանությունը նաև բերում է  փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարող այնպիսի երկրների օրինակներ, ինչպիսիք են  Մեքսիկան, Բելգիան,  Ուկրաինան, Բուլղարիան. այս երկրները նույնպես սահմանել են որոշակի շեմ՝ կանխիկ եղանակով կատարվող վճարումների համար: