Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով աշխատող մայրերին պետության հաշվին հնարավորություն է ընձեռվում օգտվել դայակի ծառայություններից և պետությունը պարտավորվում է վճարել դայակի աշխատավարձի 50 տոկոսը (բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է):

ԼՈւՐԵՐ.com-ը դայակներ տրամադրող գործակալությունից (անունը չի նշվում, որ չընկալվի որպես գովազդ) փորձեց պարզել՝ ի՞նչ կարծիք ունեն վերջիններս այս նախագծի վերաբերյալ:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ քանի որ իրենք գործակալություն են և իրենց դայակներն աշխատում են պայմանագրային հիմունքներով, իրենք որևէ խնդիր այս հարցում չունեն. «Մեր դայակներն իրենց մատուցած ծառայությունների համար ստորագրում են պայմանագիր և, հետևաբար, ստանում նաև աշխատավարձ: Այսպես, թե այնպես, մենք հարկ վճարում ենք, այնպես որ՝ այս նորամուծությունից դժգոհելու առիթ չունենք, ավելին, այն, փաստորեն, կնվազեցնի ծնողների բեռը: Եթե դայակի ծառայության դիմաց օրական վճարվում է 5000 դրամ,  այժմ այդ գումարի մի մասը կփոխհատուցի պետությունը»,-ասաց ընկերության ներկայացուցիչը:

Մեզ հետ զրույցում, սակայն, բոլորովին հակառակ կարծիք ուներ դայակ աշխատող Արմենուհի Մխոյանը: Վերջինիս խոսքով՝ այս օրենքով պետությունը փորձում է ընդամենը որսալ և հարկային դաշտ բերել այն դայակներին, ովքեր չեն համարվում կազմակերպությունների և գործակալությունների աշխատակիցներ. «Ինձ նման անհատ դայակներն այսուհետ, փաստորեն, խնդրի առաջ կկանգնեն. մենք էլ հարկ վճարող կդառնանք և, հետևաբար, կնվազի այն չնչին եկամուտը, որ ստանում էինք մեր մատուցած ծառայությունների դիմաց: Օրենքի այս նախագիծը հենց մեզ նման դայակներին հարկային դաշտ մտցնելու տարբերակ է: Դայակները պետք է բոյկոտեն և ոտքի կանգնեն»,-դժգոհեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք լավ են հասկանում պետական բյուջեն լցնելու՝ իշխանությունների այս քայլը, սակայն պետք է հաշվի առնեն այն խեղճ կանանց խնդիրը, ովքեր մի կերպ, ուրիշի երեխաներ պահելով, պահում են սեփական ընտանիքը. «Կարծում եմ՝ դայակի աշխատանքն այն փոքրիկ ոլորտն է, որի վրա պետությունը պետք է աչք չտնկեր»,-ասաց Մխոյանը:  

Նշենք, որ ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի՝ մայրը դայակին աշխատավարձ տալու փոխհատուցում կստանա մինչև երեխայի երկու տարին լրանալը, ինչպես գործող օրենքով է, երբ երեխայի խնամքի արձակուրդում գտնվող մայրը, որպես նպաստ, ամսական 18 հազար դրամ է ստանում:

Աղավնի Սուքիասյան