Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին եզրակացություն տալու հարցը, որով առաջարկվում է բարձրացնել ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրման, ինչպես նաև կրպակների, տաղավարների և ապօրինի այլ կառույցների տեղադրման տուգանքի չափերը:
 
Հիմնական զեկուցող, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության գովազդային վահանակի տեղադրումն առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` հարյուրապատիկի չափով: «Առաջարկում ենք սահմանել, որ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների պահպանմանը կամ անվտանգ շահագործմանը ներկայացվող պահանջները չպահպանելը առաջացնում է տուգանքի նշանակում` միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով ութսունապատիկի չափով, իսկ հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով»,- նշեց փոխնախարարը:
 
Օրենքի նախագծի վերաբերյալ իր դիտողություններն ու առաջարկները ներկայացրեց Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: «Գործող օրենսդրությամբ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին առանց դրանց տնօրինողների թույլտվության կրպակների, տաղավարների և ապօրինի այլ կառույցների տեղադրումը տուգանք է առաջացնում նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով` 10 հազար դրամ, հիմա բարձրացրել եք միջպետական նշանակության ճանապարհների մասով հարյուրհիսունապատիկ` 150 հազար դրամ, իսկ մարզային կամ հանրապետական նշանակության ճանապարհների մասով` հարյուրապատիկ` 100 հազար դրամ: Ես ցանկանում եմ հասկանալ, թե ի՞նչ հիմնավորմամբ է այսպիսի թռիչքային բարձրացում նախատեսվում: Ինձ մոտ տպավորություն է առաջանում, որ այստեղ խոսքը գնում է ոչ թե ինչ-որ կոնկրետ չափանիշային հիմնավորման բարձրացման մասին,` չգիտեմ ինչ նպատակ հետապնդելով: Կբացատրեք` ինչի համար հարյուրհիսունապատիկ: Ինձ մոտ տպավորություն է, որ այս փոփոխություններն առաջարկվում են պարզապես սանկցիաները բարձրացնելու համար: Ու չեմ հասկանում, թե ինչպես է ընտրվել այդ թռիչքաձև շեմը: Այսինքն, ստացվում է, որ պետք է ճանապարհներին եգիպտացորեն վաճառող գյուղացիներին էլ 100 հազար կամ 150 հազար դրամով տուգանե՞ք: Ուրիշ լուծում չի՞ մտածել նախարարությունը, քան տուգանքներն այդպես կտրուկ բարձրացնելն է»,- հարցրեց Հովհաննիսյանը:
 
Փոխնախարարը պատասխանեց, որ նախարարության մոտեցումն է ապամոնտաժել միջպետական, մարզային և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհներին առկա ապօրինի կառույցները: Նրա խոսքով` իրենք նպատակ են հետապնդում ապամոնտաժել բոլոր այն ճանապարհների երկայնքով առկա բոլոր կառույցները, որոնք կառուցվել են ՀՀ օրենսդրության խախտումներով:
 
Արփինե Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ նախարարությունը հետապնդում է օրինաչափ նպատակ, որը ապօրինի կառուցված բոլոր շինություններն ու կառույցներն ապամոնտաժելն է, սակայն հավելեց, որ օրենքը միշտ պետք է ունենա տարբերակված մոտեցման սկզբունքի կիրառության համար հիմք ստեղծով միջավայր: «Անհատականացման գաղափարը դեռ ոչ ոք չի վերացրել: Դուք բերել եք Վարչական խախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների նախագիծ, սակայն չկա որևէ բան այն մասին` դուք այդ մարդկանց տուգանելուց առաջ զգուշացնելու ե՞ք, թե չե ոչ, նրանց այլ պայմաններ առաջարկելու ե՞ք, թե չեք առաջարկելու: Այդ մարդկանց գոնե պետք է նախազգուշացնել, նոր դրանից հետո այդքան մեծ գումարով տուգանել: Պատկերացնում ե՞ք, գնաք գյուղացուն ասեք, որ ինքը իրավունք չունի այդ ճանապարհի վրա եգիպտացորեն վաճառի, պետք է նրան 100 հազար դրամով տուգանեք»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը: