ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 3-ը ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաև եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել և արձանագրվել է թվով 31 իրավախախտում, որից 18-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 850.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ընդհանուր առմամբ վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 3.144.141 ՀՀ դրամ:

Մասնավորապես'

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 15 դեպք:

Վերոնշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով նշանակվել է 300.000 ՀՀ դրամ տուգանք, հաշվարկվել 2.940.141 ՀՀ դրամ շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Լոռի՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 4 դեպքի (հատվել է 3 բոխի, 1 կաղնի, 2 հաճարենի, 1 լորենի և 3 բարդի) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկել է 1.194.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշ՝ հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 3 դեպքի (7,617 խմ փայտանյութ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթներով հաշվարկվել է 227.412 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և քննության արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: 2 դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին:

Վայոց Ձոր՝ հայտնաբերված ապօրինի ծառահատման 1 դեպքի (հատվել է 1 գիհի) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 12.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և քննության արդյունքում նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Սյունիք՝ հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (4.5 խմ փայտանյութ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 145.800 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և ապօրինի ծառահատման 1 դեպքի վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 1.209.729 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Արարատ՝ հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 4 դեպքի (6 խմ փայտանյութ) վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում:

Արմավիր՝ հայտնաբերված վառելափայտի ապօրինի տեղափոխման 1 դեպքի (4,2 խմ փայտանյութ) վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 151.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և քննության արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք:

Վերոհիշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 230.000 ՀՀ դրամի չափով՝

Կոտայք՝ հայտնաբերված հողի օգտագործման և պահպանման պահանջների խախտման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք: Հայտնաբերված առանց անթափանց ծածկոցի սորուն նյութերի տեղափոխման 1 դեպքի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Երևան՝ դիմում-բողոքի հիման վրա մթնոլորտն աղտոտող նյութերի արտանետման և թափոնների տեղաբաշխման դեպքի վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Շիրակ՝ հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 60գծմ դնովի ցանց, որսված 5կգ՝ 17հատ կարաս և կողակ տեսակի ձկները հանձնվել է «Ֆ.Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն» ՊՈԱԿ), որի վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկվել է 5.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս և քննության արդյունքում նշանակվել է 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 8 դեպք:

Վերոհիշյալ ժամանակահատվածում քննված վարչական վարույթներով կայացվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 50.000 ՀՀ դրամի չափով՝

Վայոց Ձոր՝ ստուգում է իրականացվել 1 տնտեսվարող սուբյեկտի մոտ, տրվել է հանձնարարական-ծանուցում (զգուշացում հանքային իրավունքի դադարեցման մասին)՝ սահմանված ժամկետում բացահայտված խախտումները վերացնելու նպատակով:

Լոռի՝ հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործման 1 դեպք՝ հողամասից սեփական կարիքների համար կատարվել է մինչև 2մ. խորությամբ ոչ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանում (կավախառն կոպիճի լեռնային զանգված), որի վերաբերյալ նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Գեղարքունիք՝ հայտնաբերվել է ընդերքի ապօրինի շահագործման 6 դեպք, որոնց վերաբերյալ իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար.

Կայացվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 200.000 ՀՀ դրամի չափով, որից՝

Արմավիր՝ 3 տնտեսվարողների նկատմամբ նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամ վարչական տուգանք, ընդամենը՝ 150.000 ՀՀ դրամ։

Շիրակ՝ 1 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 50․000 ՀՀ դրամ վարչական տուգանք։

Արագածոտն՝ 3 տնտեսվարողների վերաբերյալ վարչական իրավախախտման վարույթները գտնվում են քննության ընթացքում:

Ընթացքի մեջ գտնվող 4 իրավախախտումների վարչական վարույթի քննության արդյունքում նշանակվել է 400.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք, իսկ 1 դեպքի վերաբերյալ քննված վարչական իրավախախտման վարույթով հաշվարկել է 199.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 636.440 ՀՀ դրամ գումար: