Նոյեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներից դժգոհ են Վայոց ձորի մարզի Շատին համայնքի բնակիչները: Նրանք նախորդ օրը վաղ առավոտից փակել էին Եղեգնաձոր-Վարդենիս ճանապարհը՝ պահանջելով չեղարկել ընտրության արդյունքները և համայնքը չհանձնել նորընտիր ղեկավար Արթուր Ստեփանյանին: Նրանք պահանջում են, որպեսզի համայնքը ղեկավարի իրենց գյուղապետ Տիգրան Խուդոյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Շատինի համայնքապետ Տիգրան Խուդոյանը նշեց, որ ինքը բնակիչներին բազմիցս խնդրել է հանդարտվել, քանի որ ինքը ծանր չի տանում իր պարտությունը. «Ես հանդիպել եմ բնակիչներին, ասել եմ, որ ճանապարհ փակելն օրինական չէ: Հավաքվում են, իրենց դժգոհությունն արտահայտում են, բայց ճանապարհը բաց է: Ամեն դեպքում՝ ընտրությունը կայացված է, առաջին իսկ օրվանից ընդունել եմ դա: Ձայների տարբերությունը մեծ չի եղել, բայց ժողովուրդը նրան է ընտրել»,- ասաց Տիգրան Խուդոյանը: 

Անդրադառնալով իր և ՏԻՄ ընտրություններում հաղթած Արթուր Ստեփանյանի հարաբերություններին՝ Խուդոյանը նշեց. «Լավ կամ վատ չկա, ուղղակի հարաբերություն չկա ու վերջ: Ես որևէ մեկի հանդեպ չարացած չեմ: Մի անգամ իրենք են խնդիր սարքել Շատինում հիվանդանոցի նախկին շենքի հետ կապված, որը ես առաջարկում էի վերածել մանկապարտեզի և հիմա շինարարություն է գնում, իսկ իրենք դժգոհեցին: Բայց ես ճիշտ եմ արել, շենքը տվել եմ համայնքին, ժողովրդին»,- նշեց Խուդոյանը:

Տիգրան Խուդոյանի խոսքով՝ հիվանդանոցի այդ շենքի վրա աչք է ունեցել Արթուր Ստեփանյանի կնոջ քույրը, ով ցանկացել է սեփականաշնորհել և իրենը դարձնել այն, իսկ Խուդոյանը դիմել է կառավարություն՝ տարածքը համայնքին տրամադրելու խնդրանքով, որպեսզի այն վերածվի մանկապարտեզի: Արթուր Ստեփանյանի մերձավորներն էլ դժգոհել են՝ ասելով, որ պետք է շենքն իրենց տրվեր, ոչ թե համայնքում մանկապարտեզ կառուցվեր:

Խուդոյանի պնդմամբ՝ Արթուր Ստեփանյանը ընտրությունների ժամանակ հովանավորվել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից. «Դա ակնհայտ էր բոլորի համար: Կարող եք իր քարոզարշավի տեսանյութը նայել և կհամոզվեք: Ամեն մարդ յուրովի է պատկերացնում, թե ինչ է նշանակում որևէ կուսակցության անդամ լինել: Կուսակցությունն էլ ունի կանոնադրություն, գրված-չգրված պարտականություններ: Արդեն իր խնդիրն է, որ ինքը ՀՀԿ անդամ լինելով՝ իրեն աջակցում է ԲՀԿ-ական Բագրատյան Սերգեյը»: 

Հնարավո՞ր է՝ հենց դրանով էր պայմանավորված Արթուր Ստեփանյանի հաղթանակը ՏԻՄ ընտրություններում, Խուդոյանը չբացառեց.

«Ամեն ինչով է պայմանավորված: Ցանկացած մեկ քվեով, մեկ հորդորով է պայմանավորված, ուր մնաց թե պատգամավորի հորդորով պայմանավորված չլինի: Ի վերջո՝ ընտրություն է, ցանկացած բանով պայմանավորված է,  իհարկե՝ նաև դրանով»:

Խուդոյանը նշեց, որ տեղյակ չէ՝ գյուղի բնակիչները կշարունակե՞ն բողոքը թե ոչ, բայց ինքը պատրաստվում է ևս մեկ անգամ հանդիպել և հորդորել համակերպվել ընտրության արդյունքների հետ:

Սոնա Հարությունյան