Մոլդովայի առաջին տիկին Գալինա Դոդոնը Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ շրջեց Սերգեյ Փարաջանովի անվան թանգարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը Մոլդովայի առաջին տիկնոջը ներկայացրեց թանգարանի պատմությունն ու ցուցանմուշները: Առաջին անգամ Հայաստանում գտնվող Գալինա Դոդոնը, ով Սերգեյ Փարաջանովի մասին չէր լսել, տպավորված էր նրա արվեստով ու ձեռքի աշխատանքներով:

Մոլդովայի առաջին տիկնոջը ամենաշատը դուր էին եկել թանգարանում ցուցադրված վրացի դերասանուհի Նատո Վաչնաձեի չխաղացած դերերի հիշատակին նվիրված գլխարկները, որոնցից մեկով Գալինա Դոդոնը նաեւ լուսանկարվեց:

«Ինձ համար մեծ պատիվ է կրել այս գլխարկը: Ինձ այն շատ դուր է գալիս: Ես չեմ կարող փոխանցել զգացողություններս, շատ գեղեցիկ գլխարկ է»,- ասաց Դոդոնը:

Նա նշեց, որ խորապես տպավորված է թանգարանում իր տեսածով: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այստեղ գտնվելու հնարավորության համար, հագնել այս գլխարկն ու նկարվել այս գործերի հետ»,-ասաց Մոլդովայի առաջին տիկինը:

Թանգարանում շրջելուց հետո երկու երկրների առաջին տիկինները միասին ճաշեցին Սերգեյ Փարաջանովի հյուրասենյակում: