«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը, որով ակադեմիական տարկետման իրավունքն, ըստ էության, վերցավում է, ինչպես հայտնի է՝ ուսանողության լայն շրջանակներում գրեթե աննախադեպ բողոքի ալիք է բարձրացրել. պրոֆեսորադասախոսական շրջանակներում ևս, պետք է նկատել՝ հնչում են տեսակետներ, որոնք էապես համընկնում են խնդրի շուրջ երիտասարդների ունեցած դիրքրոշման հետ:

Չնայած կողքից կարող է տպավորություն ստեղծվել, թե խնդիրն ընդամենը բանակ գնալ-չգնալու հարցն է, աներկբա է, սակայն, որ այս շարժման հիմքում միայն բանակային ծառայությանը վերաբերող հարցերը չեն, որ ընկած են. շարժումն ավելի շուտ կրում է սոցիալական, քան մեկ այլ բնույթ: Խնդիրն, ըստ էության, հետևյալն է` ուսանողությունը չի ցանկանում դառնալ խտրականության զոհ, քանի որ օրենքի ընդունումը չի երաշխավորում մեր իրականությանը բնորոշ արատների վերացում, արդարության երաշխիքներ չի տալիս,  այլ ընդամենը զրկում է մարդկանց այն իրավունքներից, որոնք մի քանի օր առաջ միանգամայն օրինական բնույթ էին կրում:

Ժողովրդական ամենալայն զանգվածներին վերաբերող օրենք ընդունելիս՝ աշխարհում՝ գոնե դրա քաղաքակիրթ հատվածում, ընդունված է  հաշվի առնել այն նույն հասարակության կարծիքը, որին վերաբերվելու է օրենքը: Նման պրակտիկա, սակայն, մեզանում գոյություն չունի, ինչն էլ, ըստ էության, հանգեցրել է նման բողոքների ու ցույցերի: Այսինքն` բողոքներն ու դասադուլները հետևանք են Հայաստանում շատ կարևոր մեխանիզմի բացակայության, հասարակության տարբեր շերտերի նկատմամբ նույն իշխանությունների անհավասար վերաբերմունքի.  մեզանում, որպես կանոն, խիստ օրենքներն ազդում են սովորական մարդկանց վրա,բայց ոչ երբեք պաշտոնյաների ու նրանց զավակների:

Ուսանողական ցույցերն իրականում մեկ բան են փաստում` Հայաստանում հասարակությունը հետզհետե հասունացման նշաններ է ցույց տալիս, պատրաստակամություն է դրսևորում տեր կանգնելու սեփական իրավունքներին, ինչը չի կարող ուրախալի իրողություն չհամարվել, քանի որ առաջընթաց կարող է լինել միայն այն հասարակության ներսում, ուր բարձր է իրավագիտակցության մակարդակն, ու որտեղ յուրաքանչյուր քաղաքացի, բայց հատկապես երիտասարդները, պատրաստակամություն են դրսևորում պայքարելու,  մինչև վերջ գնալու: Մնում է հուսալ, որ ուսանողության ձայնը չի անտեսվի:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ